կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը. վարորդը տեղում մահացել է. ավտոմեքենայում եղել են կինն ու դուստրը

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը. վարորդը տեղում մահացել է. ավտոմեքենայում եղել են կինն ու դուստրը

Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 14:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Հրաչյա Ա.-ն, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, Արմավիրի քաղաքի 110 թաղամասով ընթանալիս բախվել է 224 տան դիմաց գտնվող բետոնե սյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։

Դեպի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վաղինակ Գևորգյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Թարվերդյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչ էլ դարձել է մահվան ու վթարի պատճառ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ եղել են վարորդի կինն ու դուստրը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

  • Կիսվել: