երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ոչ ոքի համար հաճելի չէ իմանալ, որ իր տված գումարներով խաղադրույքներ են արել. Փաշինյանը՝ հեռուստամարաթոնի մասին

Ոչ ոքի համար հաճելի չէ իմանալ, որ իր տված գումարներով խաղադրույքներ են արել. Փաշինյանը՝ հեռուստամարաթոնի մասին

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս տարի հեռուստամարաթոնի ընթացքում նախորդ տարվանից ավելի քիչ գումար հանգանակելու պատճառների մասին՝ «Իմ քայլը» դաշինքից Լիլիթ Ստեփանյանի հարցին և նշեց, որ պետք է հասկանալ, թե ընդհանրապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի էությունը ո՛րն է եղել մինչեւ հիմա:

Վարչապետն ասաց, «Եղել է հետեւյալը, որ վարչահրամայական մեթոդներով գումարներ են հավաքել, գնացել են օլիգարխներից խնդրել են, մուրացել են, սպառնացել են, տարբեր լծակներով նույն մարդկանցից 30 տարի անընդհատ փող են հավաքել, ծայրահեղ դեպքում ասել են՝ խոստացիր ուղղակի… Մենք այսօր ուզում ենք համակարգ փոխել, որ «Հայաստան» համահայկական համակարգը դառնա իրոք Հայաստան համահայկական հիմնադրամ»։

Ըստ Փաշինյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եղել է նեղ շրջանակի հիմնադրամ. «Այդ նեղ շրջանակում եղել են նվիրյալ մարդիկ, որոնք անընդհատ, առանց հոգնելու ամեն տարի տվել են։ Բայց լավ, ամոթ է, ամեն տարի կարելի՞ է գնալ նույն մարդկանց մի անգամ խնդրելով, մի անգամ աղաչելով՝ անընդհատ գումար վերցնել։ Այս տարի զրոյական կետ է, որովհետեւ մենք հիմա ուզում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը լինի Հայաստան համահայական հիմնադրամ, եւ ոչ թե դրամի 90 տոկոսը տան 3, 4, 5 կամ 10 հոգի, այլ միլիոնավոր հայեր մասնակցեն այդ դրամահավաքին։ Սա առաջին գործոնը։ Երկրորդ գործոնը՝ դուք գիտեք, որ Հիմնադրամի երկարամյա տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարցուցված չարաշահումների, ատկատների եւ այլնի մասին։ Եւ դա շատ ծանր ընտրություն է։ Համաձայնեք՝ ոչ մի նվիրատուի համար հաճելի չէ իմանալ, որ իրենց տված գումարներից գողացել են կամ գնացել են բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են արել։ Եւ եթե հիմա դրամահավաքը ուզում են համեմատել նախորդ տարիների հետ, թող չհամեմատեն, որովհետեւ մենք զրոյից ուզում ենք ստեղծել «Հայաստան» համահայկան հիմնադրամ, եւ մենք կստեղծենք»: 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա Հիմնադրամում պետք են ոչ թե մի քանի հայեր, որոնք կտան միլիոնավոր դոլարներ, այլ միլիոնավոր հայեր, որոնք կտան մի քանի դոլար։ Վարչապետը նշեց. «Մենք պայմանական նշաձող ենք սահմանել՝ ամիսը 22 դոլար։ Եւ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում տեղադրված է այդ գործիքը, յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտնել եւ բաժանորդագրվել, որ ամիսը 22 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Եւ դա չի լինի մեկ իրադարձություն՝ մեկ երեկոյում, տարվա ընթացքում այդ պրոցեսը անընդհատ կշարունակվի»:

Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն 2019»-ի ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գումար է հանգանակվել: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին այս տարի նվիրաբերվել է  9.856.100 դոլար։

  • Կիսվել: