ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեռևս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար. Կամո Արեյան

Դեռևս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար. Կամո Արեյան

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար դեռևս մեկ շաբաթ էլ կպահանջվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Այսօր արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել։ Մասնակի էր, հետո ծավալվեց ամբողջ պարագծով։ Երեկ շատ դժվար աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մոբիլիզացված են ԵԱՍՄ ընկերության ամբողջ շարժակազմը»,-ասաց նա՝ հավելելով, որ վարչական շրջանի ղեկավարների աջակցությամբ տեխնիկական օգնություն են ստացել նաև մասնավոր ընկերություններից։

Արեյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար մեծ քանակությամբ տեխնիկա է բերվել, այս պահին աշխատանքները դեռ ընթանում են, սակայն հրդեհի վերջնական մարման համար դեռ ժամանակ կպահանջվի։

«Եթե ռեալ գնահատենք, դեռևս մեկ շաբաթ կպահանջվի մեզնից՝ ամբողջությամբ մարելու և ծուխը դադարեցնելու համար: Կառաջարկեի արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի ընթացքին»,-ասաց Կամո Արեյանը, ինչին ի պատասխան Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն այս պահի դրությամբ արդեն ընթացքի մեջ է։

Ավինյանը նաև առաջարկեց օրվա երկրորդ կեսին այցելել Նուբարաշենի աղբավայր և շրջայց կատարել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

  • Կիսվել: