երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել հայ ծերունուն սպանած ադրբեջանու գործի վերաբերյալ

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել հայ ծերունուն սպանած ադրբեջանու գործի վերաբերյալ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին և խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից անմիջապես հաստատվել է, որ տվյալ անձը գտնվում է միջպետական հետախուզման մեջ․ խափանման միջոցը՝ կալանք։ Չնայած հետախուզվող անձի ազատ արձակման մասին տարածված լուրերին՝ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է հանձնման արարողակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու և հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Զեյնալիի փաստաբանին, մանրամասներ ներկայացրեցին, թե Հայաստանում ինչ մեղադրանքներ են ներկայացվել Զեյնալիին։ Զեյնալիի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանքներ են առաջադրվել մարդկայնության դեմ հանցագործությունների, վարձկանության և ռազմական ագրեսիայի հոդվածներով։

Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն ազատ են արձակել Զեյնալիին, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քամիլ Զեյնալին վերադարձել է Բաքու՝ տարածելով համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: