ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախարարության աշխատակիցների հայտարարությունը՝ Հակոբ Արշակյանի հրաժարականի կապակցությամբ

Նախարարության աշխատակիցների հայտարարությունը՝ Հակոբ Արշակյանի հրաժարականի կապակցությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցները հայտարարություն են տարածել նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի դիմումի կապակցությամբ․

«Հարգելի՛ Պրն․ նախարար,

Շնորհակալ ենք՝

– Մեր մեծ ընտանիքի սիրված առաջնորդը լինելու համար,
– Ձեր հոգատար վերաբերմունքի համար,
– Կազմակերպչական տաղանդի և ստեղծագործ մտքի համար,
– Մեզ ոգեշնչելու և մոտիվացնելու համար,
– Ավելի քան 2.5 տարվա անմնացորդ նվիրումի, ծառայության և քրտնաջան աշխատանքի համար,
– Թիմին ազատ մտածելու հնարավորություն ընձեռելու և մոտիվացնելու համար:

Մենք պարզապես ՇՆՈՐՀԱԿԱԼ ենք․․․

Թող Ձեր ճանապարհը լինի անշեղ և տանի դեպի նոր բարձունքներ»,-նշված է աշխատակիցների հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նա գրում է․

«Սիրելի’ հայրենակիցներ,

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։

Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

 

Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի ու քննադատության խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։

Շնորհակալություն եմ հայտնում նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով ու սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության համար։

Աշխատանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունն առաջին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց այդ պատճառով էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ,և Նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության և հասարակության առաջնահերթ շահերով։

Մեր եղբայրներից շատերն ընկան մարտում, գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի և ընտանիքների առաջ, նրանց սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք շատ սիրուն երկիր ունենք, որտեղ ապրում են ուժեղ և լավ մարդիկ, իրար մի բաժանեք ու դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվտանգ ու զարգացած երկիր՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»։

Հիշեցնենք, որ այսօր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել: 

Նշենք նաև, որ, ըստ InfoPort.am-ի աղբյուրի, ԲՏԱ նախարար կնշանակվի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որի՝ պաշտոնից ազատման մասին հարցը կքննարկվի կառավարության վաղվա նիստին:
 

  • Կիսվել: