կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանն ԱԱԾ մեկուսարանում հանդիպել են Վահան Բադասյանի հետ

Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանն ԱԱԾ մեկուսարանում հանդիպել են Վահան Բադասյանի հետ

Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Քիչ առաջ իմ գործընկեր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցինք Վահան Բադասյանին, ում դատարանը կալանավորեց Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու սպառնալիքի համար։

Դատավորը կալանքը հիմնավորել է հադրութցի Վահան Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով։

Երեւի թե նման էքսկլյուզիվ որոշում կայացնող դատավորին ոչ մեկը չի տեղեկացրել, որ Արցախի 75 տոկոսը նոյեմբերի 10-ին դե յուրե հանձնվել է թուրքին ու Վահան Բադասյանի հայրենի Հադրութն էր՝ հետը։

Ես եւ «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերները, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն ենք ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու, բայց այս դեպքում նման միջնորդության կարիքն անգամ չպիտի լիներ։

Վահան Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, եւ վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել Բայրաքթարների դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։

Վահանը մարտին պետք է ենթարկվի եւս մեկ բարդ վիրահատության եւ նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

Վահան Բադասյանը ռազմագերի է և ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ»,- գրել է նա։

Ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում հանդիպել է կալանավորված Վահան Բադասյանի հետ: Մեր տեղեկություններով՝ Հարությունյանը, ըստ ամենայնի, միջնորդություն էր ներկայացրել Բադասյանին ազատ արձակելու համար:

Նշենք, որ Վահան Բադասյանը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ֆիզիկական սպառնալիքների կոչեր հնչեցնելու համար: Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Բադասյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

  • Կիսվել: