կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գյումրու Սավոյան փողոցի ջրամատակարարման ցանցը նորացվում է․ մոտ 12 կմ երկարությամբ ջրագիծ է անցկացվում

Գյումրու Սավոյան փողոցի ջրամատակարարման ցանցը նորացվում է․ մոտ 12 կմ երկարությամբ ջրագիծ է անցկացվում

Գերմանական KFW բանկի միջոցներով իրականացվող ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով Գյումրիի Սավոյան փողոցի բնակիչների համար ջրագիծ է անցկացվում։ Սա թերևս ենթակառուցվածքների նորացման միակ ծրագիրն է, որում ներառվել է Սավոյանը։

Անանցանելի, 30 տարուց ավելի չնորոգված Սավոյանը քաղաքի այն երկրորդական փողոցներից մեկը մնաց, որտեղ բացի թեթև հարթեցումներին, հիմնային աշխատանք չկատարվեց։ Համարելով ծայրամասային և թերի բնակեցված թաղամաս՝ այն միշտ դուրս է մնացել փողոցաշինական ծրագրերից։

 

KFW գերմանական բանկի միջոցներով մարզում դեռ շարունակվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի նորացման ծրագրից փաստորեն օգտվեց Սավոյան փողոցը։ Մեծ ու խորը փոսերով հայտնի փողոցը հիմա ամբողջությամբ է քանդված։ Սավոյանցիներին հիմա էլ այս հարցն է հետաքրքրում, ջրագծերը փոխելուց հետո, գոնե ասֆալտապատ փողոց կունենան, թե էլի կմնա անտեսված։

«էս վիճակն ահավոր է, ոչ տրանսպորտ, ոչ շտապօգնություն, ոչ տաքսի, ոչ մի բան ըստեղ չի կարողանում մտնել»,-ասում է բնակիչներից մեկը։

«Գոնե վերջում մաքրեն, որ էդ հետքերը վերանա, ըսպես ցեխի մեջ չեղնի։ Ամեն առավոտ ցելաֆոնները ոտքերիս քաշած կերթանք գործի»,- դժգոհում է թաղամասի մյուս բնակիչը։

 

Իրենց մտավախությունը ջրաշինարարին էլ են հայտնել։ Ու ինչպես նախորդ ծրագրերում է եղել, շինարարը խրամուղիները փակելու, հարթեցնելու տերն է։ Ջրամատակարման և ջրահեռացման համակարգի նորացման ծրագրի սա երրորդ փուլն է, որում և ընդգրկվել է Սավոյանն ու հատող մյուս փողոցները։ Մոտ 12 կմ երկարության ջրագիծ է նորացվում։

«Ծրագիրը սկսվել է 2021 թ․-ից և մինչ այսօր իրականացնում ենք, ուղղակի շինաշխատանքների ընթացքում պլանավորման ժամանակ Սավոյան փողոցի հատվածը ընկել է այս տարվա մեջ։ Շինաշխատանքների ընթացքում տարբեր խնդիրներ են հանդես գալիս՝ փտած խողովակներ, չգործող կոյուղիներ, որոնք լցվում են տրանշեների մեջ, որոնք խանգարում են շինաշխատանքների  ընթացքին»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։

Թաղամասի ներքին կոմունիկացիոն ցանցը մինչև երկրաշարժն է կառուցված եղել։ Մինչև 88 թվականը, այն այլ ենթակառուցվածքներով, շենք-շինություններով ապահովված թաղամաս է եղել։ Հետո վերածվելով տնակային ավանի՝ անկանոն ջրագծեր են անցկացվել, տարիների ընթացքում դրանք նաև վնասվել են, քայքայվել։

Ընդհանուր առմամբ, Գյումրիի ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցի քարտեզագրում, որպես այդպիսին, գոյություն չունի։ Թե խողովակները որտեղով են անցնում, շինարարը փորելուց հետո է տեսնում։ Ոչ միայն ջրագծերի, նաև կոյուղատար ցանցի անկանոն անցկացումների պատճառով լրացուցիչ աշխատանքների են բախվում։ Թեև այս ծրագրով Սավոյան փողոցում նախատեսված չէ կոյուղագծերի նորացում, բայց տնային միացումները ևս շինարարն է կատարելու։

«Ժամկետը սահմանված է ամբողջ ծրագրի շրջանակում մինչև 2024թ․-ի մայիսի  30-ը, իսկ մեր ծրագրերով այս հատվածի խողովակների տեղադրումը պետք է վերջացնենք մոտ 3 օր հետո, դրանից հետո տեղի կունենա  փորձարկում, խողովակների լվացում և փոխկապակցում տնային միացումներին և գոյություն ունեցող գլխավոր ջրագծին։ Դա մոտավորապես մեկ ամսվա շրջանակներում տեղի կունենա, եթե խնդիրներ չառաջանան»,-նշել է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։

Ջրաշինարարական աշխատանքներից հետո «Դորոժնիկ» ընկերությունը Սավոյան փողոցը կբերի այն տեսքին, որը եղել է, այսինքն՝ ըստ էության, Սավոյանի դեպքում ընդամենը հարթեցնելու են։ Թաղամասն այժմ ջուր ստանում է հին ջրացանցով, աշխատանքների ընթացքում ջրամատակարարումը չի դադարեցվում։

  • Կիսվել: