Մոսկվայում կտեղադրվի Վարդանյան հետախույզներին նվիրված սառցե քանդակ
Մոսկվայի Պոկլոննայա բլրի վրա կտեղադրվի սառցե քանդակ՝ նվիրված խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն հղում անելով ՌԴ արտաքին հետախուզական ծառայության մամուլի ծառայությանը:
Զույգը քանդակում կներկայացվի իր առաջին ամուսնության պահին՝ 1946 թվականին, և կտեղադրվի թանգարանային համալիրի «Պատմություն» բաժնում՝ նվիրված խորհրդային ժամանակաշրջանին:
Հաղորդագրության մեջ նշված է. «Զույգն ամուսնացել է երեք անգամ, բայց միայն առաջին՝ իսկական պսակադրության ժամանակ է Գոհար Վարդանյանը հագել հարսի շոր»:
Քանդակը բացվելու է երկուշաբթի օրը՝ «Սառցե Մոսկվա» փառատոնի շրջանակում:
«Մենք չէինք կարող անտեսել Վարդանյանների բացառիկ ամուսնությունը, որոնք իրենց ողջ կյանքն աշխատել են ի շահ մեր երկրների, և ուզում ենք նրանց հերոսությունների մասին պատմել լայն հանրությանը»,- ասել է փառատոնի հեղինակ Ալենքսանդր Կովտունեցը:
Հիշեցնենք, որ Գոհար Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին: Նա 93 տարեկան էր: Գոհար Վարդանանը թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը՝ ամուսնու և մարտական ընկերոջ՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կողքին, որը մահացել էր 2012-ին: