շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Մել» ֆիլմի չֆինանսավորելը խարան է ՀՀ-ի, նրա կառավարության ճակատին. Փաշինյան

«Մել» ֆիլմի չֆինանսավորելը խարան է ՀՀ-ի, նրա կառավարության ճակատին. Փաշինյան

«Ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը»,-այս մասին այսօր ԱԺ-ում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի՝ ԿԳՄՍՆ-ի կողմից 14 տոկոսով ֆինանսավորվելու վերաբերյալ որոշումը:

«Ֆինանսավորման որոշումների կայացման փուլում դրանց մասին տեղյակ չեմ եղել, և դրանց մասին իմացել եմ վերջերս, երբ աղմուկ է բարձրացել: Երբ տեղեկացել եմ, ինքս ինձ հարց եմ տվել, ասել եմ՝ եթե այնպես ստացվեր, որ զեկուցեին հարցը, ասեին՝ այսպիսի հարց կա, ֆիլմ է ստեղծվում, որը ֆինանսավորվում է տասը տարբեր սուբյեկտների կողմից, և ակնկալվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետք է դառնա այդ սուբյեկտներից մեկը՝ 14%-ով ֆինանսավորելով այդ ֆիլմը, ես կառաջնորդվեի հետևյալ տրամաբանությամբ՝ ում մասին է ֆիլմը. այն մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն ու ռեկորդակիր է, ում չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, և հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Հաջորդ փաստը՝ մարդն ունեցել է խնդիր, որը ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ, և նույնիսկ մեր բանահյուսության ու բառապաշարի մեջ այդ խնդիրը նկարագրող բառ կա, որը ժամանակի ընթացքում վատ իմիջ է ձեռք բերել, այդ պատճառով ես այդ բառը հիմա չեմ կրկնի։ Այդ խնդրի պատճառով մարդը հասել է ինքնասպանության եզրին, որովհետև այդ խնդրի մասին սկզբից թիմակիցները, հետո մարզիչներն են սկսել իմանալ, ու նաև վերաբերմունքի ու հանրության արձագանքի պատճառով մարդը հասել է ինքնասպանության եզրին, հետո հասկացել է, որ այդ խնդիրը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից հեռանալն է, հետո հասկացել է, որ ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս այդ խնդիրը լուծել ինչ-որ ձևով: Եթե ես, որպես հասարակ քաղաքացի, օրինակ՝ իմանայի, որ կառավարությունը մերժել է, կմտածեի, որ ՀՀ կառավարությունը երախտամոռ կառավարություն է, որովհետև այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ: Ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը, որովհետև այդ ֆիլմի չֆինանսավորելը խարան է ՀՀ-ի, նրա կառավարության ճակատին»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար Ազգային կինոկենտրոնը ՀՀ բյուջեից տրամադրել է 20 մլն դրամ:

  • Կիսվել: