կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկեց «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը

Մեկնարկեց «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը

Հունիսի 14-ին մեկնարկեց «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» 2 մլն եվրո ընդհանուր բյուջեով եռամյա ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը կրթության, քաղաքացիական հասարակության և քաղաքականության մեջ: 

Ծրագիրը միտված է զորեղացնել և կրթել երիտասարդներին և երիտասարդական ՀԿ-ներին՝ խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի քաղաքացիական և հասարակական կյանքում: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության անունից ողջունեց  ծրագիրը և նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այս գերատեսչությունը նաև երիտասարդության նախարարությունն է: Վստահեցրեց՝ ամեն կերպ պատրաստ են խթանել նախաձեռնություններին, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը:  

 

038A5212.JPG (388 KB)

 

«Մեր երիտասարդները շատ ակտիվ և նախաձեռնող են, ունեն շատ գաղափարներ, բայց պետք է ինստիտուցիոնալ աջակցություն լինի այս բոլոր ծրագրերին, գաղափարներին, մոտեցումներին, որպեսզի որևէ պարագայում մեր ոչ մի երիտասարդ մեր երկրի որևէ բնակավայրում չմտածի, որ ինքը մենակ է: Միշտ ունենա այն միջավայրն ու պայմանները, որոնք հնարավորություն են տալու զարգանալ, առաջ գնալ և դրանով իսկ նպաստել մեր երկրի ու պետության զարգացմանը: Կարևորում եմ, որ ծրագրի ձևաչափն ուղղված է հենց այդպիսի կարողությունների զարգացմանը: Լիահույս եմ, որ ավելի լայն շրջանակով երիտասարդներ կօգտվեն այս հնարավորությունից»,- ասաց նախարարը:  

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծեց՝ պետք է երիտասարդներին հնարավորություն ընձեռել և հարթակ տրամադրել՝ սովորելու, համապատասխան հմտություններ ձեռք բերելու, իրենց տեսակետները արտահայտելու համար: 

038A5192.JPG (387 KB)

«Պետք է երիտասարդներին համապատասխան տիրույթ տրամադրել: Ուրախ եմ երիտասարդներին ուղղված բոլոր նախաձեռնությունների համար, քանի որ նկատում եմ, որ նրանց մեջ մեծ ներուժ կա: Նրանց արտահայտած մտքերը շարժիչ ուժ են և միտված են Հայաստանի զարգացմանը, ինչպես նաև ապագա տեսլականին»,- ասաց Վիկտորինը: 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը նշեց՝ նախագիծը միտված է Հայաստանի ապագային: Նրա համոզմամբ՝ նախաձեռնությունը շատ կարևոր է,  քանի որ թիրախավորում է երիտասարդների զարգացումը: 

038A5199.JPG (319 KB)

«Մենք աջակցում ենք այն նախաձեռնությանը, որը միտված է երիտասարդների լավ ապագային: Բնականաբար, նմանօրինակ նախաձեռնությունները միշտ չէ, որ հեշտ են, բայց մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի կարողանանք նաև Հայաստանի և Գերմանիայի երիտասարդությանը ավելի մտերմացնել: Շատ կարևոր առաջադրանք ունենք Հայաստանում. այն է՝ բարեփոխումների ծրագիրը շարունակել, ինչպես նաև տարածաշրջանում հասնել խաղաղության»,- նշեց դեսպանը: 

Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ 

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսն ընդգծեց հիմնադրամի հանձնառությունը ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և երիտասարդությանն աջակցելու և հզորացնելու հարցում:  

038A5188.JPG (364 KB)

«Հուսով ենք ծրագրի բոլոր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք զարգացնել երիտասարդների առաջնորդական հմտությունները, հզորացնել երիտասարդ մասնագետներին այս դժվարին Ժամանակներում՝ աջակցել Հայաստանին  բաց և եվրոպական հասարակություն դառնալու ճանապարհին»,-իր խոսքում նշեց Շտեֆան Մալերիուսիը: 

Ծրագրի առաջնային շահառուները` երիտասարդական կազմակերպությունները, անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ռեսուրսների հնարավորություն կստանան, այդ թվում` արդյունավետ կառավարման և զարգացման համար։ Այդ նպատակին կծառայեն տարբեր ուղղվածության դրամաշնորհները, տարբեր ձևաչափերի ուսումնական ծրագրերը, նորարարական հավաքները, խորհրդատվությունները: 

Ծրագրի կենտրոնում են լինելու նաև երիտասարդ մասնագետները, որոնք կստանան կրթաթոշակներ և հնարավորություն կունենան զարգացնելու իրենց հմտությունները՝ համայնքային խնդիրները թիրախավորելու, ինչպես նաև տեղական տարբեր նախաձեռնություններ մշակելու ու իրականացնելու համար։ 

Մշակվելու է «Երիտասարդական ոլորտում աշխատողների ինստիտուտը», որն ուղղված է լինելու բարձրացնել ոլորտի կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Կարևոր բաղադրիչ է նաև մեդիագրագիտությունը,  մեդիակրթությունը, դրանց տեսական կիրառական  գործողությունները, ինչը կօգնի նաև երիտասարդներին արդյունավետ հաղորդակցվել և բարձրաձայնել խնդիրները: 

«Երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն  2 մլն եվրո է:

  • Կիսվել: