երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մեղրին ստացել է նոր կարգավիճակ՝ վերածվելով խաղաղության և առևտրային խաչմերուկի

Մեղրին ստացել է նոր կարգավիճակ՝ վերածվելով խաղաղության և առևտրային խաչմերուկի

Մեղրին ճանաչվել է ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք, ինչն ավելի է բարձրացրել նրա կարգավիճակը՝ կարևորելով առանձնահատուկ դերը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը նշեց, որ Հայաստանի հարավային դարպասն այժմ կոչվում է և՛ խաղաղության, և առևտրային խաչմերուկ։ Խոշորացված համայնքը ներառում է երկու քաղաք և 13 գյուղ։ Համայնքի 60-ամյա ղեկավարը մասնագիտությամբ ֆինանսիստ է, պաշտոնավարում է 2024 թվականից։

Նրա հետ զրույցը, բնականաբար, սկսեցինք պատմական որոշումից, ինչի շնորհիվ Մեղրին ստացել է կարևոր կարգավիճակ։  

«2025 թվականին ԿԳՄՍ նախարարությունից մեզ տեղեկացրին, որ Տաջիկստանում կայանալու է ԱՊՀ երկրների մշակութային 18-րդ համագումարը, որին հրավիրված էինք նաև մենք։ Համագումարում լսվելու էր Մեղրին ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակելու հարցը։ Համայնքապետարանի և ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունները միասին մեկնեցին Տաջիկստան, որտեղ էլ կայացավ մեզ համար շատ կարևոր, նույնիսկ պատմական այդ որոշումը, ինչից հետո ակնկալում ենք զբոսաշրջիկների մեծ հոսք, որովհետև Մեղրին հետխորհրդային երկրներում կդառնա ավելի ճանաչված ու ներկայանալի քաղաք»,- ասաց Անդրեասյանը։   

Զրույցի ընթացում համայնքապետն անդրադարձավ ոլորտային մի շարք հարցերի, ինչպես նաև խոշորացված համայնքի բնակավայրերում մարդկանց առջև ծառացած խնդիրներին՝ նշելով դրանց լուծման ուղիները։

«Այսօր մեղրեցուն նախ անհրաժեշտ է ոռոգման և խմելու ջուր։ Մեղրու գետն ինքնահոս է, ջրով ապահովում է Մեղրու շրջանի զգալի մասը՝ մինչև Նռնաձոր գյուղ և Ագարակի տարածք։ Բայց երբ ինքնահոսը վերջանում է ու պետք է աշխատեն պոմպակայանները, ժամանակ առ ժամանակ առաջանում են տեխնիկական խնդիրներ։ Եթե մեր տարածաշրջանը հատկապես ամառվա տապին զրկվի ջրից, ապա անխուսափելիորեն այստեղ կլինի երաշտ։ Կառավարությունը 2025 թվականին հաստատեց 25 ջրամբարներից հինգի առաջնահերթ կառուցապատման ծրագիրը, որոնց մեջ է նաև Մեղրու ջրամբարը։ 2027 թվականին կմեկնարկեն Լիճքի ջրամբարի շինաշխատանքները։ Դրանից հետո խնդիրը զգալիորեն կլուծվի»,- ասաց համայնքապետը։  

Մեղրու գետը կարողանում է ամառվա սեզոնին ջրով ապահովել Լեհվազ, Վարդանիձոր, Թխկուտ, Լիճք, Տաշտուն գյուղերին, մինչդեռ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք և Ագարակ բնակավայրերն ավելի շատ կախված են պոմպակայանների աշխատանքից։ Լիճք գյուղի տարածքում կառուցվում է խմելու ջրի մաքրման նոր կայան։ Այն շուտով կհանձնվի շահագործման։ Նման կայան կառուցվում է նաև Ագարակ քաղաքում։    

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Անդրեասյանը հայտնեց, որ խաղողագործությունը տեղում զգալիորեն կրճատվել է, որովհետև գինու գործարանն այլևս չի գործում, և մարդկանց համար դժվարացել է խաղողի բերքի իրացումը։ Հիմա չկան առանձին համայնքային հողատարածքներ այդ մշակաբույսով զբաղվելու համար։ Հողերը հատկացվել են սեփականատերերին։ Մարդիկ նախընտրում են աճեցնել հատիկավոր պտղատու ծառեր, որոնք ավելի շատ եկամուտ են ապահովում։  

«Բոլորին հայտնի են Մեղրու տարածաշրջանի նուռը, թուզն ու արքայանարինջը, որոնց իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանում։ Մինչև հիմա շարունակվում է հողերի սեփականաշնորհման գործընթացը, որին զուգահեռ ընթանում է նաև վարձակալման պրոցեսը։ Բերքի տակ գտնվող բոլոր հողերը մշակվում են, հողային ֆոնդը վերահսկվում է։ Այսօր ամենամեծ ներդրումները կատարվում են հենց Սյունիքի մարզում, քանի որ Հյուսիս-հարավ ճանապարհն անցնում է այստեղով։ Պետական ներդրումների ծավալի առումով Մեղրին առաջին տեղում է՝ մյուս բնակավայրերի համեմատությամբ»,- ասաց համայնքապետը։  

Տասնամյակներ շարունակ տարածաշրջանի շատ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվել։ Խոշորացված համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պետությունն իրականացնում է 13 կիլոմետր և 100 մետր երկարությամբ ճանապարհի կառուցումը, որն ունի շատ մեծ նշանակություն։ Ներհամայնքային ճանապարհաշինական աշխատանքներ նույնպես իրականացվում են։  

«Անցյալ տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ագարակ քաղաքում մոտ 540 միլիոն դրամի չափով իրականացվել են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ։ Ընթացիկ տարում Մեղրիում նույնպես իրականացվելու են ճանապարհաշինական աշխատանքներ, որոնց գումարը կազմում է 450 միլիոն դրամ։ Նույնքան գումար էլ հատկացվել է գյուղական վեց համայնքների ճանապարհներն ասֆալտապատելուն։ Խոսքը Կարճևան, Կուրիս, Կուդեմնիս, Վահրավար, Վարդանիձոր և Թխկուտ գյուղերի մասին է»,- նշեց Անդրեասյանը։

Խոշորացված համայնքի բնակավայրերում ընթանում են նաև դպրոցների ու մանկապարտեզների կառուցապատման աշխատանքներ։ Բոլոր գյուղերում, բացառությամբ Տաշտունի և Լիճքի, կան դպրոցներ։ Մեղրի քաղաքում գործում են երկու դպրոցներ, իսկ Ագարակում՝ մեկը։

«Ինչով կարողանում ենք, օգնում ենք, սակայն ավելի մեծ ծավալի ներդրումային աշխատանքներ իրականացնում է պետությունը։ Ագարակում կառուցվում է Սյունիքի մարզի ամենամեծ մոդուլային դպրոցը, որի շինաշխատանքների  համար հատկացվել է ավելի քան 10 միլիոն դրամ։ Մոդուլային դպրոցը նախատեսված է 800 սաների համար։ Երեխաների թվաքանակի աճը մեզ ստիպել է ավելացնել խմբերի քանակը։ Մեղրիում կա մեկ մանկապարտեզ, ուր հաճախում են 250 երեխաներ։ Բայց արդեն առաջացել է ավելի մեծ մանկապարտեզ ունենալու անհրաժեշտություն»,- ասաց մեր զրուցակիցը։  

Նա հավելեց, որ դեռ խորհրդային ժամանակներից բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են Ռուսաստան, բայց հիմա մեծ միգրացիա չկա։ Մարդիկ ուզում են մնալ Մեղրիում, քանի որ տեսնում են զարգացման պրոցեսը, պետության կողմից կատարվող հսկայածավալ ներդրումները։ Հյուսիս-հարավի շինարարությունը նույնպես լավատեսություն է ներշնչում, որում ներգրավված են բազմաթիվ  մեղրեցիներ։ Պետությունը կառուցում է նոր մաքսատուն, որտեղ նույնպես աշխատելու են մեղրեցիները։ Այդ մաքսատունը լինելու է Հայաստանում նմանատիպ ամենամեծ կառույցը։

«Բնակավայրերում կառուցվում են նոր խաղահրապարակներ, վերականգնվում են Մեղրու և Ագարակի մարզադաշտերը։ Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ժամանել էր Մեղրի և Ագարակ։ Մեր համայնքը ներդնելու է 37 միլիոն դրամ։ Միջոցների մի մասն էլ հատկացնելու է ԱՊՄԿ-ն, և արդյունքում կունենանք ժամանակակից երկու գեղատեսիլ ու բարեկարգ մարզադաշտ։ Փոստային նախկին բաժանմունքի շենքը կվերապրոֆիլավորվի, և այդտեղ կգործի մարզահամալիր։ Այդ ծրագիրը նույնպես կիրականացվի ԱՊՄԿ-ի, համայնքի և պետության համատեղ ջանքերի շնորհիվ»,- տեղեկացրեց Անդրեասյանը։  

Մեղրիում զարգանում է նաև զբոսաշրջությունը։ Այդ առումով կա զգալի աշխուժություն, ավելանում է հյուրատների քանակը։ Նախկինում այսքան մարդ չի այցելել Մեղրի, մինչդեռ քաղաքը մեր օրերում դարձել է հանրաճանաչ՝ հետաքրքրելով շատերին։ Համայնքապետարանը սերտորեն աշխատում է տուրիստական կազմակերպությունների հետ, որոնք զբոսաշրջիկների հոսքն ուղղորդում են Մեղրի։ Կան մարդիկ, որոնք գերադասում են մնալ ոչ թե հյուրանոցում, այլ հյուրատանը։ Օրինակ՝ Ղազախստանի դեսպանը մշակութային միջոցառումների ժամանակ գերադասեց մնալ Վարդանիձոր գյուղում, պատմաբան Ռուբեն Մախսուդյանի մեծ հյուրատանը, թեև դիվանագետին առաջարկել էին հյուրանոցային սենյակ Մեղրիում։   

Իրանում տեղի ունեցող պատերազմական գործողությունների ժամանակ սահմանամերձ Սյունիքի մարզը և հատկապես Մեղրին գտնվում էին ուշադրության կենտրոնում, սակայն Իրանից փախստականների մեծ հոսք չեղավ։

«Նույնիսկ նախորդ տարվա իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմի ընթացքում ավելի շատ մարդ եկավ Հայաստան, քան այս ողջ ընթացքում։ Շատ լրագրողներ չէին հավատում այդ իրողությանը, և նույնիսկ Երևանից եկան Մեղրի ու անձամբ հավաստիացան դրանում։ Հիմնականում երրորդ երկրներ գնացող անձինք եկան Մեղրի։ Որոշ իրանցիներ Հայաստանում ունեին հարազատներ ու բարեկամներ, որոշ ժամանակ հանգրվանեցին նրանց հարկի տակ, բայց հետո վերադարձան Իրան։ Մեղրին ֆունկցիոնալ առումով ծառայեց որպես խաղաղության խաչմերուկ, մարդկանց դիմավորեց արժանավայել և նույն կերպ ճանապարհեց»,- ասաց Անդրեասյանը։

Այսօր շատ է խոսվում TRIPP նախաձեռնության մասին, որն անմիջական առնչություն ունի Մեղրի խոշորացված համայնքի հետ։ Զրույցի ընթացքում, բնականաբար, այդ թեման նույնպես չշրջանցվեց։

«TRIPP-ը շահավետ է լինելու և՛ մեր համայնքի, և՛ առհասարակ Հայաստանի համար, որովհետև մեր երկիրը լինելու է տարանցիկ պետություն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝  կառուցվում է նոր ու մեծ մաքսատուն, որտեղով օրական անցնելու է 2000 մեքենա։ Այժմ գործող մաքսատունը օրական սպասարկում է 300-400 մեքենայի։ TRIPP-ը հսկայական շահույթներ կբերի մեզ և տնտեսապես կզարգացնի տարածաշրջանը»,- եզրափակեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը։     

  • Կիսվել: