երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարզպետն անպայման պիտի փորձի թերություններ գտնել իմ և հիվանդանոցի աշխատանքում. Կուրղինյան

Մարզպետն անպայման պիտի փորձի թերություններ գտնել իմ և հիվանդանոցի աշխատանքում. Կուրղինյան

Մենք այսօր տեսանք, թե ինչ է նշանակում «հովանավորում»։ Փաստ է՝ ով է նորանշանակ տնօրենը, բայց միայն դա չէ խնդիրը։ Այն եռյակը, որը տխրահռչակ շարժումով, որպես մեկ մարմին, ներկայացավ, բավական հաջող ալիք բռնեց, և իրենց փոքրիկ օրակարգը առաջ տարան, նրանք այսօր Գյումրիում կատարում են իրենց ուրույն գործը և փորձում են այն հեղափոխության «սոուսով»  համեմել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը՝ խոսելով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար պայքարի և իր՝ մրցույթում չհաղթելու մասին։

Նա ասաց, որ ասուլիս հրավիրելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ ինքը տեղեկացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշման մասին, ըստ որի՝ մրցույթի արդյունքում հաղթող է համարվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանը: Այդ որոշումը, ըստ Աշոտ Կուրղինյանի,սուբյեկտիվ է։

Կուրղինյանը համոզված է, որ այստեղ սուբյեկտիվություն կա, քանի որ մարզպետը վերջին շրջանում այցելել է մարզի բոլոր փոքր և մեծ հիվանդանոցները, սակայն որևէ այց չի իրականացրել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Նա նշեց, որ համաձայն կլիներ, եթե այցը իրականանար, և նույնիսկ դժգոհություններ արձանագրվեին։ Նա երկու դեպք ներկայացրեց, երբ բողոքների պատճառով մարզպետի հետ է հանդիպել, սակայն ըստ նրա՝ բողոքները և պատճառաբանումներն անհիմն են եղել։

Կուրղինյանի խոսքով այս մրցույթի արդյունքները նախօրոք պլանավորված քայլերի արդյունք են։ Նա ասաց. «Ես շատ շնորհակալ եմ, որ մրցույթը բաց է եղել և ուղիղ եթերով հեռարձակվել։ Լսել եմ, որ մարզպետն իր որոշումը վաղը պետք է հիմնավորի և անպայման պետք է իմ և մեր հիվանդանոցի աշխատանքում թերություններ փորձի գտնել։ Չգիտեմ՝ ի՛նչ փաստեր կբերեն վաղը, բայց հնարավոր է, որ դրանք ցածր մակարդակի լինեն։ Ես այս աթոռին կառչած չեմ, բայց ափսոսում եմ, սա տնօրեն փոխել չէր, սա իմ ձեռքից կյանքիս գործը խլել էր, որը ես որևէ կերպ չեմ հանդուրժելու»:

Նշենք,  որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար պայքար է ընթացել, որի արդյունքում հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը: Մրցութային հանձնաժողովի 7 հոգանոց կազմից 7-ը կողմ են քվեարկել Կուրղինյանին, իսկ Սերոբյանին 7-ից 6-ն է կողմ քվեարկել: Հանձնաժողովի կազմը ձևավորել է մարզպետը:

  • Կիսվել: