Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
Հուլիսի 28-ին Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Գտնված երազ» ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության ակումբի պաշտոնական բացման արարողությունը։
Ինչպես տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ակումբը գործում է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում՝ Ներքին Գետաշենի տեղական կոմիտեի աջակցությամբ։ Այն նախատեսված է Մարտունի համայնքի 60 և բարձր տարիքի բնակիչների համար։
Կենտրոնի նպատակն է նպաստել ավագ սերնդի ակտիվ և բովանդակալից առօրյային՝ ստեղծելով նոր հմտություններ ձեռք բերելու, շփվելու և ժամանցը հետաքրքիր կազմակերպելու հնարավորություն։ Մասնակիցները շաբաթական երկու անգամ կմասնակցեն կերպարվեստի, հոգեբանական թերապիայի, առողջարար մարմնամարզության, հրուշակագործության, գրական քննարկումների և մեդիագրագիտության դասընթացների։



