Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում հրդեհ է բռնիվել «Jeep Compass»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում այրվում է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Սիսակյանն ու Արարատ Արարատյանը։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։


