ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց օրն է

Մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց օրն է

Մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի օր ընտրված է ոչ պատահաբար, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր, հիշեցնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Այդ համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը 1866 թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ Գոյություն ունի Դաունի համախտանիշի երեք տեսակ՝ տրիսոմիա 21, տրանսլոկացիա և մոզաիցիզմ։

Տրիսոմիա 21-ը Դաունի համախտանիշի ամենատարածված տեսակն է (95% դեպքերում), որի դեպքում պտուղն ունենում է 21-րդ քրոմոսոմի երեք կրկնօրինակ՝ երկուսի փոխարեն։
Մոզաիցիզմն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ տրիսոմիա 21-ն ի հայտ է գալիս ոչ թե բոլոր, այլ մեկ սկզբնական բջջում։
Տրանսլոկացիան հանդիպում է դեպքերի 4%-ում։ Այս դեպքում 21-րդ քրոմոսոմի մի մասը բջջի բաժանման ժամանակ պոկվում է և միանում մեկ ուրիշ քրոմոսոմի՝ հիմնականում 14-րդ քրոմոսոմին։
2007 թվականից ԱՀ առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոն պարբերաբար հաճախում են Դաունի համախտանիշով երեխաներ։ Նրանց հետ աշխատում են վերականգնողական կենտրոնի տարբեր մասնագետներ` վերականգնող թերապիստներ, հոգեբաններ, լոգոպեդներ, ստանում են ջրաբուժություն, մասնակցում արվեստի դասընթացներին` կավագործություն, նկարչություն, մաքրամե:
Հաճախակի են այցելությունները հանրային վայրեր, խաղասրահներ, որի հիմնական նպատակն է երեխաների շփումը հասակակիցների հետ, ինչպես նաև հասարակությանը իրազեկ պահելը տվյալ երեխաների գոյության մասին:
Երեխան պետք է շփվի հնարավորինս շատ մարդկանց հետ և դա պետք է կատարվի առաջին հերթին մանկապարտեզի, դպրոցի միջոցով: Սա այն ուղին է, որը կնպաստի Դաունի ախտորոշում ունեցող երեխայի անձի զարգացմանը և հասարակական կյանքին ինտեգրվելուն:

  • Կիսվել: