երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարտի 1-2-ին 500 դեղատնից ԱՐՄԵԴ համակարգին միանալու հայտ է ներկայացվել

Մարտի 1-2-ին 500 դեղատնից ԱՐՄԵԴ համակարգին միանալու հայտ է ներկայացվել

Միայն մարտի 1-ին և մարտի 2 -ին ԱՐՄԵԴ համակարգը հայտ է ստացել ավելի քան 500 դեղատնից. բոլոր հայտերը սեղմ ժամկետներում բավարարվում են։ Այս մասին հայտնում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության մամուլի ծառայությունը։

«Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ո՛չ դեղատների, ո՛չ բուժհաստատությունների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Իրականությանը չեն համապատասխանում անանուն աղբյուրներին հղումներով այն  հրապարակումները, թե ԱՐՄԵԴ համակարգին միանալու համար լրացուցիչ գումար է վճարվում: Դեղատների հետ պայմանագրերի կնքումն  ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածութուն ևս չի առաջանում: Դեղատներում համակարգչի և ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար:

Մյուս կողմից՝ բնական է, որ ցանկացած նոր համակարգի ներդրման սկզբում ի հայտ են գալիս խնդիրներ: Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով ծանուցվել էր մարտի 1-ից գործընթացի ներդրման և դեղատների կողմից մինչև մարտի 1-ը ԱՐՄԵԴ-ի հետ պայմանագրեր կնքելու մասին: Պատրաստվել էին համապատասխան ուղեցույցներ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը: Բացի այդ, գործող օրենսդրությամբ դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձանց համար ԱՐՄԵԴ համակարգին միանալը պարտադիր է: 

Չնայած դրան՝ միայն մարտի 1-ին և մարտի 2-ին ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը հայտեր է ստացել ավելի քան 500 դեղատնից: Մեր թիմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝  ստացված բոլոր հայտերը սեղմ ժամկետներում բավարարելու համար: 

Գործընթացի սահուն ներդրումն ապահովելու համար կարևոր է նաև դրանում ներգրավված բոլոր օղակների աշխատանքն ու պատրաստակամությունը: Մեր թիմն աշխատում է 24- ժամյա ռեժիմով, և բոլոր հարցերի դեպքում թե՛ դեղատները, թե՛ բուժհաստատությունները կարող են  կապ հաստատել մեզ հետ»,-նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: