կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մարդիկ մտածում են՝ այնպես անեն, որ կովերը չմրսեն. վարչապետ

Մարդիկ մտածում են՝ այնպես անեն, որ կովերը չմրսեն. վարչապետ

Կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն մթերման գների պրակտիկայից։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մյուս կողմից էլ, ըստ նրա, կան արտադրողներ, որոնք Հայաստանում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթային հումքը ձեռք բերել, և  սա այն դիլեման է, որ փորձում են լուծել, այդ թվում «խելացի» անասնագոմերի ծրագրով:

«Այս ուղերձը մենք պետք է հստակ ուղղենք, որ այն ձևերը, որոնցով սովոր ենք կաթ արտադրել, այդ ձևով արտադրված կաթն այլևս մրցունակ չէ շուկայում լուրջ արդյունաբերական, բիզնես գործունեություն ծավալելու համար: Հետևաբար,   քաջալերում ենք, որ ներգրավվեն խելացի գոմերի կառուցման մեջ: Այդ դեպքում մենք ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք: Նաև սուբսիդավորվող վարկավորում ունենք այս ծրագրի համար. եթե մարդիկ իրենց սեփական միջոցներով են կառուցում, 50 տոկոսը տալիս ենք: Սահմանային հատվածներում վերադարձնում ենք ծախսված գումարի 70 տոկոսը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ գյուղերում գոմերում հեղձուցիչ մթնոլորտ է, քանի որ մարդիկ մտածում են, թե այնպես անեն, որ կովերը չմրսեն։ «Պարզվում է, որ կովերի համար մինչև մինուս 30 աստիճանն  նորմալ է: Ընդհակառակը, տաք ջերմաստիճանը խանգարում է նորմալ կաթնատվությանը: Նրանց պետք է ապահովել մաքուր օդ»,-ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հայտնեց, որ 2020թ-ին «խելացի» անասնագոմերի թիվը 100-ից ավելի կլինի:

  • Կիսվել: