երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարալիկում ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը. պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Մարալիկում ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը. պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Արդեն 1 ժամից ավելի է, լարված ու իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Հայտնում է shamshyan.com-ը։

Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվոով բնակիչներ, ովքեր դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը և պահաջնում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ վերջնականապես լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:

Ակցիայի մասնակիցկներն ասում էին. «Առողջապահության նախարարության Երևանի իրենց տաքուկ կաբինետներում նստած ինչ գիտեն, թե ինչ է կատարվում մեզ մոտ: Որ մի «հանճարեղի» մտքով է անցել, որ ծննդատունն ու հիվանդանոցը լուծարեն: Այ խելոքներ, հետո էլ ասում եք, աշխատատեղեր ենք ավելացնում: Դուք ոչ թե ավելացնում, այլ աշխատող բժշկի, բուժքրոջ ողնաշարն եք կոտրում:

Մենք պահանջում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անձամբ միջամտի ու այս խնդիրը լուծի: Հասկանում ենք, որ դիմում ենք ծայրահեղ քայլի, բայց հենց մենք էինք նաև միացել ժողովրդի այն զանգվածին, ովքեր փողոց փակելով իշխանության բերին Ն. Փաշինյանին ու նրա թիմին ու, ցավոք, հիմա նրա թիմի որոշ անդամներ ցավ են պատճառում ու պռոբլեմներ ստեղծում մեզ համար: Ճանապարհը փակած ենք պահելու այնքան ժամանակ, մինչև մեր խնդրին միջամտի վարչապետը»:

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ, ովքեր բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն: Ակցիայի վայր է ժամանել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ում ակցիայի մասնակիցները խնդրում են, որպեսզի դեպքի վայր հրավիրի առողջպահության նախարար Արսեն Թորոսյանին, ով իր սեփական աչքով տեսնի, որ ծննդատունն ու հիվանդանոցը բարվոք վիճակում են և այն փակելու որոշումը սխալ է:

  • Կիսվել: