Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմը բողոքում է իրենց վճարումները նվազեցնելու փորձերի դեմ
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմը բողոքի ակցիա է անցկացնում:
«Մենք ստիպված էինք ինքնամեկուսանալ, իսկ հիմա ղեկավարությունն ասում է, որ պետք է աշխատավարձ ստանանք բյուլետենի հիման վրա: Դա նշանակում է, որ կստանանք հասանելիք գումարի 80 տոկոսը: Ընդ որում՝ ոչ մի գրավոր որոշում կամ հրաման չկա, այս ամենը բանավոր է ասվում եւ առանց որեւիցե հիմնավորման: Ցանկանում ենք, որ առողջապահության նախարարը ուղերձով հանդես գա եւ պարզաբանի, թե այս ամենը որքանով է օրինական»,- ասել է բուժքույրերից մեկը։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ հիվանդանոցի ավելի քան 20 աշխատակիցների մոտ կորոնվիրուս էր հայտնաբերվել, նրանց մի մասն ուղարկվել էր ինֆեկցիոն հիվանդանոց, մնացյալին ղեկավարությունը կոչ էր արել ինքնամեկուսանալ:
Լաբորանտ Արմինե Այվազյանն իր հերթին շեշտեց, որ խնդիրն ազդում է 70-80 աշխատակցի վրա: Նա հավելեց, որ հավաճարակի հենց սկզբում բուժանձնակազմն ապահովված չէր պաշտպանիչ միջոցներով, այդ թվում` ձեռնոցներով:
Շտապօգնության աշխատակցուհի Անահիտ Հակոբյանը հայտարարեց, որ բուժաշխատողների աշխատավարձի խոստացված 30 տոկոս բարձրացումից իրական աճն ընդամենը 20 տոկոս է կազմել:
Հիվանդանոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը հայտարարեց, որ իրեն խնդրել են ժամանակավորապես ապահովել հիվանդանոցի աշխատանքը, որպեսզի բնակչությունը չտուժի: «Ես անընդունելի եմ համարում այդ մոտեցումը: Հստակ հիմնավորում չկա, թե ինչու է այդպիսի որոշում ընդունվել, եւ դեռ պարզ չէ` արդյոք աշխատողները կստանան իրենց աշխատավարձերը, թե վճարումներ կստանան բյուլետենի հիման վրա»,- եզրափակեց նա: