շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված գույքը հանձնվել է ԵԿՄ-ին

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված գույքը հանձնվել է ԵԿՄ-ին

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը, այդ թվում նրա ռանձնատանը հայտնաբերված մեքենաները, սնունդը դատարանի որոշմամբ հանձնվել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ի տնօրինմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը` նշելով, որ նման որոշում է երեկ կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

«Դատարանը ընթացակարգային որոշում է կայացրել, իմ կարծիքով ԵԿՄ-ն է նման հարցով դիմել, քանի որ դատավորը իր նախաձեռնությամբ նման որոշում կայացրեց: Մենք արդեն սովոր չենք, մոռացել ենք ճիշտ կամ օրինական որոշումներից: Սնունդի մասով մենք  գտնում էինք, որ վաղուց պետք է փոխանցվեր, այն  մասը, որը դեռ չի փչացել, իսկ մեքենաների հետ կապված խնդիրներ կան, քանի որ տարբեր մարդկանց սեփականություններ են»,-ասաց փաստաբանը:

Արսեն Մկրտչյանի կարծիքով նորմալ չէ, որ մարդու առողջական հարց թողած գույքային հարցերին է դատարանը անդրադառնում:

 «Քանի դեռ կա մարդկային կյանք, առողջության վտանգ, շատ փոքր հարցեր են քննարկում, այսինքն չեն թողնում մարդը գնա  բուժվի, բայց գույքը վերցրել չաշկա-լոժկա են անում, սա Մանվել Գրիգորյանի դատաստանը կազմակերպողների սնանկության մասին է խոսում: Հերոս վարկաբեկելով չի, ինչ ուզում է անեն, ինչ դատավճիռ ուզում  է կարդան, բայց ուղղակի պետք է թույլ չտային, որ թամա աանեն ուրիշի սեփականությանը»,- ասաց նա:

Փաստաբանը հավելեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, չնայած, որ գտնվում է տանը:

«Բոլոր բժշկական սարքավորումները գտնվում են տանը, նա արտերկրում բուժման կարիք ունի: Նրանք ցանկանում են Մանվել Գրիգորյանի դանդաղ մահը, բայց Մանվել Գրիգորյանը ապրելու է եւ հաստատ հաղթելու է, մենք հերոս զոհաբերելու մտադրություն չունենք, մենք  Մանվել Գրիգորյանին չենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր պատմությունը»,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկը կամ տուրքը չվճարելու, առանձնապես խոշոր չափերով շորթման, դրանք կազմակերպելու կամ կազմակերպման օժանդակելու համար:

  • Կիսվել: