շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մահացել է աստղագետ Հրանտ Թովմասյանը

Մահացել է աստղագետ Հրանտ Թովմասյանը

Մարտի 28-ին 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է պրոֆ․ Հրանտ Թովմասյանը, ով Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկն էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:

Հրանտ Թովմասյանի բազմաթիվ գիտական արդյունքները, ինչպես նաև վարչական, մանկավարժական, խմբագրական և կազմակերպչական գործունեությունը դժվար է գերագնահատել: Նրա անվան հետ է կապված ռադիոաստղագիտության ոլորտում հայ աստղագիտության նվաճումների զգալի մասը, իսկ վերջին տարիներին նա կարևոր գիտական արդյունքներ է ստացել նաև աստղագիտության այլ բնագավառներում:

Հրանտ Մուշեղի Թովմասյանը ծնվել է 1929թ. հունիսի 3-ին Երևանում: 1948թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզմաթ. ֆակուլտետը, որն աստղաֆիզիկա մասնագիտությամբ ավարտել է 1953թ-ին: Այդ թվականից նրա կյանքն ու գործունեությունը կապված են եղել Բյուրականի աստղադիտարանի հետ: 1953-1956թթ. սովորել է ԲԱ կից ասպիրանտուրայում և 1958թ-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ «Ինտերֆերոմետրիկ ռադիոդիտակների զգայնության բարձրացումը» թեմայով (պրոֆ․ Ս. Ե. Խայկինի ղեկավարությամբ): 1968-1972թթ. եղել է ԲԱ գիտական քարտուղարը, 1969թ-ին պաշտպանել է դոկտորական թեզ «Գալակտիկաների և գալակտիկաների կույտերի ուսումնասիրություն օպտիկական և ռադիո եղանակներով» թեմայով, 1972-1992թթ. եղել է լաբորատորիայի վարիչ, 1979-1986թթ.` ԲԱ գիտական գծով փոխտնօրեն, 1986թ-ից` առաջատար գիտաշխատող և գիտական թեմատիկ խմբի ղեկավար: 1967-1992թթ. դասավանդել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում, 1986թ-ից եղել է պրոֆեսոր: 1992թ-ից մինչ մահը աշխատել է Մեքսիկայի Աստղաֆիզիկայի, oպտիկայի և էլեկտրոնիկայի ազգային ինստիտուտում (INAOE, Պուեբլա) որպես ամենաբարձր` «C» տիտղոսի հետազոտող: Տարբեր տարիներին աշխատել և հիմնականում ռադիո դիտումներ է իրականացրել նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի և Հարավային Կորեայի աստղադիտարաններում: Նա ղեկավարել է բազմաթիվ թեզեր թե՛ Հայաստանում և թե՛ Մեքսիկայում:

  • Կիսվել: