ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Լինելու է կորոնավիրուսի մի քանի պատվաստանյութ, անձամբ բանակցում եմ արտադրողի հետ. Արսեն Թորոսյան

Լինելու է կորոնավիրուսի մի քանի պատվաստանյութ, անձամբ բանակցում եմ արտադրողի հետ. Արսեն Թորոսյան

Աշխարհում այսօր  100-ից ավելի թեկնածու պատվաստանյութ կա, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, ավելի հավանական է, որ 20-ը կդառնան վերջնական։

 «Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում՝ քիչ թվով անձանց վրա, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների։ Առաջին ու երկրորդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս , որ ամենայն հավանականությամբ լինելու է մի քանի պատվաստանյութ: Սա շատ կարևոր է երկրագնդի ամբողջ բնակչության համար»,- նշեց նա։

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ հիմա բանակցություններ են վարվում երկու ուղղություններով, առաջինն ուղիղ արտադրողների հետ է։

«Ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում: Օրինակ, երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը կապ ունի մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ: Այդ պատվաստանյութն ամենահավանական թեկնածուներից մեկն է: Բանակցում ենք նաև ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել մեծ թվով երկրների համար, որպեսզի հավասարաչափ բաշխում անեն:

Վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակությամբ պատվաստանյութ կգնեն, նույնիսկ մինչև արտադրվելը, ինչի արդյունքում մյուս երկրներին հասանելի կլինի շատ ուշ՝ լինելուց մեկ տարի հետո: Ուստի կարևոր է, որ այդ բանակցությունները վարենք այսօր՝ նույնիսկ չունենալով վերջնական արտադրանքը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝  տարբեր գնահատականներով այն հասանելի կլինի կամ 2020 թ-ի վերջին կամ 2021 թ-ի սկզբին: Վերջնական ինֆորմացիան, ըստ նրա, պարզ կլինի աշնանը:

«Փաստը, որ դա լինելու է, փոխելու է իրավիճակն ու մենք վերադառնալու ենք սովորական կյանքին՝ առանց դիմակներ, առանց մնացած կանոնները պահպանելու, արդեն ուրախալի է: Պետք է հետևենք ու հետ չմնանք զարգացումներից: Արդյունքների մասին տեղյակ կպահեմ»,- ընդգծեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ առավել ևս այս լուրի ֆոնին, պետք է առավել  խստացնել հակահամաճարակային կանոնների պահպանումը, կարգապահությունը, որպեսզի մարդկանց չդատապարտենք մահվան:

«Էլի ուզում եմ ընդգծել, որ մահերի թիվը կոնկրետ կախված է վիճակագրությունից: Ենթադրենք, եթե շատ կոպիտ ձևակերպենք, 590 երեկ ախտորոշված դեպքերը նշանակում են, որ 11 մարդ, այդ օրվա վիճակագրության բերումով, մահանալու է: Իհարկե, մեծ մասը բուժվելու է, բայց էլի մեզնից յուրաքանչյուրը, հակահամաճարակային կանոնը չպահելով, ամենայն հավանականությամբ, մահվան է դատապարտում ինչ-որ մի ուրիշ քաղաքացու: Բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորվել, որ այդ քաղաքացին հենց ինքը չի լինի, հենց իր ընտանիքի անդամը չի լինի, իր հարազատը չի լինի: Այնպես որ շարունակում ենք պահպանել, մեր կանոնները պարզ են, դրանց էֆեկտիվությունն ապացուցված է՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը»,- ասաց վարչապետը։ 

  • Կիսվել: