ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր գործընթացների սկիզբ է դրել իր պաշտոնավարման ընթացքում:

«Լեզվի կոմիտեն մեր հասարակության համար ամենակարևոր կառույցներից է, որի աշխատանքը հանրության շրջանում շատ տեսանելի է և մեծ նրբանկատություն է պահանջում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գևորգ Հակոբյանին:

Նախարարը շեշտել է, որ Սիրանուշ Դվոյանի նշանակումը բոլորովին պատահական չէ: «Սա այն դեպքերից է, երբ նշանակումը կյանքի գործի շարունակություն է. նրա թե՛ կրթական, թե՛ հետազոտական, թե՛ մասնագիտական բազմաթիվ փորձառություններն ամբողջությամբ կապված են այն խնդիրների հետ, որոնց առնչվում է նաև Լեզվի կոմիտեն: Հուսով եմ, որ Սիրանուշ Դվոյանի անձնական փորձառությունն աշխատակազմի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ կնպաստի Լեզվի կոմիտեի բազմաթիվ անելիքների իրականացմանը», - նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ նախագահին սպասվող ոչ հեշտ աշխատանքում:

Կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին մշտապես ցուցաբերած աջակցության համար: Նա ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում Լեզվի կոմիտեի գործունեությունը և դրա աշխատանքների առանձնահատկությունները:

Կոմիտեի նորանշանակ նախագահ Սիրանուշ Դվոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին ցուցաբերած վստահության համար: Նրա խոսքով՝ իր մասնագիտական փորձառությունը, ինչպես նաև վերջին տարիների հետազոտական աշխատանքներն են նպաստել առաջարկն առանց երկմտանքի ընդունելուն:

Սիրանուշ Դվոյանը մասնագիտացմամբ գրականագետ է և երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է 20-րդ դարի հայ գրականություն, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո առիթ է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասավանդման շրջանակում առնչվելու նաև լեզվաբանության հետ:

«Ամերիկյան համալսարանում աշխատելուն զուգընթաց իմ հետազոտությունների բնույթը փոխվել է, և ինձ համար կարևոր է, որ հասարակական-մշակութային հարցերի վերաբերյալ իմ գիտական հետազոտությունները չմնան թղթի վրա, այլ հնարավոր լինի դրանք կիսել բոլորիդ հետ և ձեզ հետ միասին գտնել տարբերակներ՝ դրանք վերածելու գործնական և շոշափելի արդյունքների», - ասել է Սիրանուշ Դվոյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին և շեշտել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես լինելու է Լեզվի կոմիտեի կողքին:

  • Կիսվել: