շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեզվի կոմիտեն կմեկնարկի «Հայերենը ոչ հայախոսների համար…» ծրագիրը

Լեզվի կոմիտեն կմեկնարկի «Հայերենը ոչ հայախոսների համար…» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեն ազդարարում է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» նոր ծրագրի մեկնարկը: Համակարգը հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվի իմացությունը և ստանալ իմացության մակարդակը նշող վկայական:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:

«Ծրագիրն արդեն մեկնարկել ենք. այժմ այն աշխատանքային փուլում է: Ծրագիրը պետք է ստեղծվի՝ Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակի վրա հիմնվելով: Դեռ 2005 թվականին խորհրդի շրջանակում աշխատանքներ իրականացվել են և հրատարակվել է «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում» գիրքը: Այլ աշխատանքներ ևս իրականացվել են, սակայն ծրագիրը չի գործարկվել: Մեր խնդիրն այն գործարկելն է»,-շեշտեց Դվոյանը:

Նրա խոսքով՝ ոչ հայախոս  են օտարազգիները և այն հայերը, որոնց համար հայերենն առաջին լեզուն չէ. խոսքը սփյուռքում ծնված և մեծացած հայերի մասին է, որոնք օտար լեզուներով են կրթվել, խնդիրներ ունեն հայերենի իմացության հետ և այլն:

«Համակարգն էլեկտրոնային է լինելու, ինչը նշանակում է, որ այն կգործի ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Լիցենզավորված կազմակերպությունները, որոնք հայտ կներկայացնեն, համապատասխան պայմանները բավարարելու դեպքում հնարավորություն կստանան ապահովելու այդ  ստուգումներն ու քննությունները»,-նշեց Դվոյանն ու հավաստիացրեց, որ լեզվի ուսուցման չափորոշիչները մշակելու են հայ մասնագետները:

Ծրագիրն անհրաժեշտություն է դարձել վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած սոցիալական փոփոխությունների, մասնավորապես` աշխատանքային նպատակներով Հայաստան եկած ոչ հայախոսների սոցիալական ինտեգրման և առաջացած աշխատանքային խնդիրները կարգավորելու համատեքստում:

  • Կիսվել: