ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լավագույն ձեռագիր նամակ գրող աշակերտները խրախուսվել են

Լավագույն ձեռագիր նամակ գրող աշակերտները խրախուսվել են

ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները և «ՀայՓոստը» ամփոփել են համատեղ կազմակերպած ձեռագիր նամակ գրելու մրցույթը:

Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը:

Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ՝ հասարակայնության հետ կապերի տնօրեն Նաիրա Նազարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով հաղթողներին, նշել է. «Երեխաների կողմից ստացել ենք շատ հետաքրքիր նամակներ, ու վստահ եմ՝ հանձնաժողովը շատ դրական լիցքեր է ստացել դրանք ընթերցելիս: Վերջին տարիները բոլորիս համար լուրջ մարտահրավերների և դժվարությունների տարիներ էին: Համավարակի պայմաններում մենք տեսանք, թե որքան կարևոր են մարդկային շփումն ու հաղորդակցությունը: Կարծում եմ՝ ձեռագիր նամակ գրելու մրցույթը նաև փորձ էր հաղորդակցության այդ ավանդույթը վերականգնելու համար: Եվ, իհարկե, տեքստ գրելու ունակությունը հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված կարևոր կարողություն է, ու մենք շատ ենք կարևորում, որ մեր աշակերտները դպրոցներում սովորեն գրագետ տեքստ կազմել, ծանոթանան տարբեր ոճերի տեքստեր կազմելու կանոններին: Այս մրցույթը նաև յուրատեսակ հնարավորություն էր փորձարկելու այդ գործնական հմտությունները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հետագա տարիներին ևս կլինեն նման նախաձեռնություններ, և այսպիսի բազմակողմ համագործակցության շնորհիվ կկարողանան խրախուսել երեխաների լավ արդյունքները:

ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանն էլ ընդգծել է, որ այս նախաձեռնությունը երկու կարևոր բաղադրիչ ունի. առաջինը ձեռագիր նամակ գրելու ավանդույթը վերականգնելն է, իսկ երկրորդը՝ անդրադարձը մեր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը. «Որպես հնագույն ազգ՝ մենք ձեռագրերի ահռելի ժառանգություն ունենք, որոնց վառ վկայությունը Մատենադարանն է: Ուստի պետք է ճանաչենք մեզ հասած, համաշխարհային նշանակություն ունեցող ձեռագրերի արժեքը, դառնանք դրանց կրողն ու փոխանցողը: Մեր օրերում տեխնոլոգիաները հետին պլան են մղել ձեռագիր նամակ գրելու մշակույթը, բայց կարևոր է՝ արագ զարգացող տեխնոլոգիաների աշխարհում հաճախ հանդես գանք նման նախաձեռնություններով, հատկապես՝ դպրոցական երեխաների շրջանում՝ խրախուսելով ձեռագիր և հայատառ գրելու մշակույթը»:

«ՀայՓոստ» ընկերության՝ հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նաիրա Նազարյանն ընդգծել է. «Շնորհակալ ենք ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարություններին ‹‹Ձեռագիր նամակ գրելու›› մրցույթը համատեղ կազմակերպելու համար: «ՀայՓոստն» այս քայլով նպատակ ունի արդիականացնելու նամակ գրելու մշակույթը, ինչպես նաև դպրոցականների շրջանում պահպանելու մեր մշակութային ժառանգության արժեքները:

Ուրախ եմ, որ մեր աշակերտներն այսքան մեծ հետաքրքրվածությամբ են նամակներ գրում, արդյունքներն իսկապես ոգևորիչ են: Շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, թող նրանք կյանքում միմիայն ձեռքբերումներ գրանցեն»:

Ձեռագիր նամակ գրելու մրցույթին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների իններորդ և տասներորդ դասարանների աշակերտները: Մրցույթն իրականացվել է երկու փուլով. առաջին փուլում բոլոր մարզերից և Երևան քաղաքից ընտրվել են լավագույն նամակները, երկրորդ փուլում վերջնարդյունքները ամփոփվել են հանձնաժողովի կողմից, որի կազմում եղել են ՀՀ ԲՏԱ, ԿԳՄՍ նախարարությունների և «ՀայՓոստի» ներկայացուցիչները:

Հանձնաժողովի կողմից ընտրվել են 4 հաղթողներ. 1. Երևանի Հ. Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի աշակերտուհի Սուսաննա Զեյթունյանը, 2. Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Անահիտ Հովեյանը, 3. Խնձորեսկի Գ. Սևունցի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյունե Գևորգյանը, 4. Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհի Էլեն Ապրեսյանը:

‹‹ՀայՓոստ›› ընկերությունը հաղթողներին խրախուսել է հատուկ մրցանակներով՝ էլեկտրոնային գրքերի ընթերցիչներով (Kindle):

  • Կիսվել: