չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կստեղծվի միասնական սոցիալական ծառայություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Կստեղծվի միասնական սոցիալական ծառայություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՛՛Սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նշենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա ստեղծել միասնական սոցիալական ծառայություն, դյուրացնել սոցիալական ծառայությունների մատուցումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ գործող կարգավորումներով 2021 թվականի ապրիլի 1-ից պետք է ներդրվեր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ, մասնավորապես՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցպաշտպանության ոլորտի չորս մարմիններից երեքի հիման վրա: Սակայն վերջինիս կազմում նախատեսված չէ ներառել Սոցիալական ապահովության ծառայությունը, որը նախատեսված էր անել հաջորդ փուլում:

Գործող առաջարկով՝ առաջարկվում է բոլոր չորս կառույցները միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա, որը հնարավորություն կտա գործընթացն իրականացնել ավելի սահուն ու արդյունավետ:

Նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ նախարար Առաքելյանը նշեց, որ բովանդակային առումով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը փոփոխության չի ենթարկվել:

 

 

  • Կիսվել: