Կրասնոդարում դանակահարություն կատարած դպրոցականի ծնողները կարող են արտաքսվել Հայաստան
Ռուսաստանի միգրացիոն իշխանությունները կարող են Հայաստան արտաքսել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դպրոցականի ծնողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով իրավապահ կառույցներում իր աղբյուրին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, դանակահարվել էին երկու դեռահաս։ Հարուցվել էր քրեական գործ՝ անփութության և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից։
Դատարանը մերժել էր խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականի ձերբակալությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողությունների արգելումը, օրինակ` նրան չի կարելի դպրոց գնալ և օգտվել համացանցից։
Նրա ծնողների նկատմամբ դիտարկվում է ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 1-ին մասը (Ռուսաստանի Դաշնությունում մուտքի կանոնների և կացության ռեժիմի խախտում)։
Նշենք, որ նրանք Կուբան են ժամանել Հայաստանից։ Այս հոդվածի խախտումը նախատեսում է վարչական տուգանք՝ մինչև 5 հազար ռուբլի և արտաքսում Ռուսաստանի Դաշնությունից։