Կոտայքի մարզում մեքենան մոտ 250 մետր գլորվելով հայտնվել է դաշտում, 28-ամյա վարորդը մահացել է
Այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրումէ shamshyan.com-ը:
Ժամը 22:10-ի սահմաններում BMW մակնիշի 36 PR 509 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: շ
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ տեղակալ Հենրիկ Սեթոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա 28 տարեկան էր, բնակվում էր Բյուրեղավանում և Բուժականում գտնվող իր նշանածի տանից վերադառնում էր Բյուրեղավան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: