Կոնդի վերակառուցման մրցույթի մասնակիցները տեղյակ են թաղամասում առկա պահպանման ենթակա հուշարձանների մասին․ ԿԳՄՍՆ պաշտոնյա
Վերջին տարիներին Կոնդի 10 օբյեկտ ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցանկում: Կոնդի վերակառուցման մրցույթի մասնակիցները տեղյակ են պահպանման ենթակա հուշարձանների մասին, և ցանկացած նախագիծ-առաջարկ պիտի իր մեջ ներառի դրանց բոլորի պահպանությունն՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքաշինական ծրագիր կհաստատվի:
Այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ընթացքում:
«Կոնդը երբևէ գրանցված չի եղել իբրև պատմամշակութային հուշարձան: Կոնդում կան առանձին գրանցված շենքեր, կառույցներ և շինություններ, որոնք ունեն հուշարձանի կարգավիճակ և պետական ցուցակում ընդգրկված են կամ նորահայտ հուշարձանների կարգավիճակում են: Վերջին տարիներին հենց մեր ուսումնասիրությունների հիման վրա 10 նորահայտ օբյեկտ ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցուցակում»,- հայտնեց նա:
Խոսելով Կոնդի վերակառուցման մրցույթից՝ Վանյանը նշեց, որ օրենքից բխող հիմանական պահանջը եղած հուշարձանների և դրանց պահպանական գոտիների ու միջավայրի պատշաճ պաշտպանությունն է:
«Բոլոր հուշարձանները պետք է պահպանվեն, դրանք պատշաճ ձևով ընդգրկված են մրցույթի տեխնիկական հայտերի մեջ: Մրցույթի մասնակիցները տեղեկացված են, թե որոնք են պատմամշակութային հուշարձանները, և որ դրանք պաշտպանված են օրենքով: Ցանկացած նախագիծ-առաջարկ պիտի իր մեջ ներառի դրանց բոլորի պահպանությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքաշինական ծրագիր կհաստատվի»,- ընդգծեց Վանյանը: