կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կողոպուտ Երևանի Բեկնազարյան փողոցում․ Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են ոսկե շղթան հափշտակողին (տեսանյութ)

Կողոպուտ Երևանի Բեկնազարյան փողոցում․ Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են ոսկե շղթան հափշտակողին (տեսանյութ)

Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են նոյեմբերի 22-ին Երևանի Բեկնազարյան փողոցում մի կնոջ պարանոցից բացահայտ ոսկե շղթա հափշտակած և փախուստի դիմած անձին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նոյեմբերի 22-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բեկնազարյան փողոցում անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Տուժողից ընդունվեց հաղորդում: Քրեական հետախույզները որոնողական աշխատանք սկսեցին: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Պռոշյան գյուղի 37-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նոյեմբերի 25-ին ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: