երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
«Կներեք, իսկ անչափահասն ի՞նչ գործ ունի այնտեղ». Ըստ փոխոստիկանապետի՝ ոստիկաններից մեկն ունի կոտրվածք

«Կներեք, իսկ անչափահասն ի՞նչ գործ ունի այնտեղ». Ըստ փոխոստիկանապետի՝ ոստիկաններից մեկն ունի կոտրվածք

Քանի որ Երեւանում տեղի են ունենում ցույցեր, հավաքներ, հասարակական կարգը պահպանելու նպատակով կարող են նաեւ մարզերից ոստիկաններ գործուղվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը:

Անդրադառնալով նրան, որ նախօրեին կառվարության 3-րդ մասնաշենքի մոտ բախումների ժամանակ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել, նա ասաց. «Բոլոր դեպքերով, եթե իրավախախտումներ են լինում, ուսումնասիրվում են ոստիկանությունում: Հիմա էլ ոստիկանությունում մոտ 50 ծառայողական քննություն անցկացվում: 10 քրգործ է հարուցվել: Կան, որ ոստիկանները նաև անցնում են գործով տուժող»:

Դիտարկմանը, որ 10 հոգով մեկին բերման են ենթարկում, փոխոստիկանապետն ասաց. «Եթե ոստիկանին չեն ենթարկվելու, դուք եք ասում՝ բիրտ ուժ, մենք կիրառում ենք ուժ»:

Ինչ վերաբերում է նրան, որ անչափահասների են նաեւ բերման ենթարկում, Մովսիսյանն ասաց. «Կներեք, իսկ անչափահասն ի՞նչ գործ ունի այնտեղ: Ես գիտեմ, որ այդ անչափահասին տեղափոխել են հիվանդանոց: Հետաքրքրվել ենք, լուրջ բան չի եղել: Կարող է՝ թեթեւ քերծվածքներ են եղել, ոչ մի կոտրվածք չի եղել: 6 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց, 5 քաղաքացի: Ոստիկաններից մեկի մոտ է կողերի կոտրվածք»:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը վստահեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ ուժ կիրառելու հանձնարարական չի տրվել ոստիկաններին. «Ոչ մի նման հանձնարարական չի կարող լինել, դա լինում է ըստ իրադարձության, եթե գնում է հասարակական կարգի կոպիտ խախտում, ոստիկաններն այդ ժամանակ համաչափ ուժ են կիրառում», - ասաց նա:

  • Կիսվել: