Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նիստում
ԵԱՀԿ խորհրդաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական և անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
«Պարո՛ն նախագահ,
կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման և բանաձևի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգային իրավիճակը:
Ձեր ելույթում նշեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների շրջանակում գրանցված առաջընթացի մասին, եւ, իսկապես, մեր երկու երկրներն այս տարվա սկզբին հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը պատրաստ է, և Հայաստանն առաջարկել է սկսել քննարկումներ դրա ստորագրման օրվա և վայրի վերաբերյալ:
Համաձայն եմ այն գնահատականի հետ, որ անհրաժեշտ է օգտագործել հնարավորության պատուհանը՝ ստորագրելու և վավերացնելու այդ համաձայնագիրը, ինչպես նշվում է Ձեր բանաձևում և ինչպես հենց նոր նշեց ադրբեջանցի իմ գործընկերը:
Հայաստանը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը և հաստատել միջպետական հարաբերություններ մեր երկու երկրների միջև: Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր: Հայաստանը պատրաստ էր ստորագրել այն երեկ: Դրա համար այլևս խոչընդոտներ չկան: Կրկնում եմ՝ այլևս խոչընդոտներ չկան: Եվ մենք չպետք է ծանրաբեռնենք խաղաղության օրակարգը նոր թեմաներով, նոր նախապայմաններով: Պայմանագրի տեքստը կարող է ծառայել որպես ամուր հիմք՝ հարաբերությունների կարգավորման և երկխոսության շարունակման համար:
Ակնհայտ է, որ կան մի շարք բաց հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք: Ես կարծում եմ՝ մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացումը համաձայնագրի ստորագրման ու վավերացման միջոցով, ամենակարևոր նախապայմանն է երկխոսություն և վստահություն կառուցելու համար:
Ներկայիս աշխարհաքաղաքական խառնաշփոթի և ճգնաժամի պայմաններում, և երբ մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը, մենք լավ նորությունների և հաջողության պատմությունների կարիք ունենք: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է լինել այդպիսի հաջողության պատմություն:
Շնորհակալություն»,- ելույթում նշել է պատգամավորը: