երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Պտղունք գյուղում. բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է գովազդային վահանակին. մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Պտղունք գյուղում. բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է գովազդային վահանակին. մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Կիրակոսյանի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքնով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարներն ու «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Ալավերդայնն ու Սմբատ Կնյազյանը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Վթարի մասին ոստիկիանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:  

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները մայր ու դուստր են:

  • Կիսվել: