Խոշոր ավտովթար Երևանում. 56-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով բախվել է «Hyundai»-ին, վերջինը բախվել է իր քրոջը պատկանող «Toyota»-ին. «Nissan»-ը կողաշրջվել է, կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Մոլդովական 24/6 շենքի բակում բախվել է կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan X-Trail»-ը կողաշրջվել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզելու են «Nissan X-Trail»-ի և կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Խուդավերդյանը, Hyundai Elantra-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Մկրտչյանին, իսկ Toyota Corolla-ն Երևանի բնակիչ 26-ամյա Մերի Մկրտչյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշած անձինք հարազատ քույրեր են։