կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խնդիրը բարդ է, բայց լուծումը նկարագրված է. փոխվարչապետը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Խնդիրը բարդ է, բայց լուծումը նկարագրված է. փոխվարչապետը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Բիոմետրիկ անձնագրերի համակարգը ոչ միայն անձնագրի բլանկի հարց է, այլ մի մեծ համակարգ է, բավականին բարդ, որ առկայության պարագայում միայն մենք կարող ենք վիզաների ազատանացման գործընթացը ռեալ խթանել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով կենսաչափական անձնագրեր ունենալու և վիզաների ազատականացման մասին հարցին:

«Անձնագիրը, որը մենք ունենալու ենք, ընդամենը բանալի է, որով մուտք ենք գործում թվային համակարգ, որը հնարավորություն է տալիս ռեալ իդենտիֆիկացնել անձին, սկսած սահման հատելուց, վերջացրած բոլոր հարցերով, որոնք անհրաժեշտ են այդ գործընթացը կազմակերպելու համար: Մենք բավականին երկար ժամանակ մշակում էինք տեխառաջադրանքը, թե ինչ ենք մենք ուզում, որովհետև դա ինքնին մի պրոցես է, որտեղ սխալվելու իրավունք չունենք, որովհետև մեկ անգամ սխալը տեղի ունեցել է. մենք ժամանակին ունեցել ենք բիոմետրիկ անձնագրեր, բայց տեխնիկական պարամետրերով ոչ մի բանի մասին էր խոսքը, որովհետև, այո՛, որպես բլանկ՝ գուցեև, կամ դիզայնով բիոմետրիկ անձնագիր էր, բայց չենք ունեցել համակարգ, որը հնարավորություն է տալիս, օրինակ՝ սահման հատել առանց պաշտոնյայի հետ ֆիզիկական կոնտակտի»,- ասաց փոխվարչապետը:

Նա նշեց, որ նախահայտարարվել է միջազգային մրցույթ: «Վստահեցնում եմ ձեզ, որ ունենք շատ բարձր մակարդակի ինստիտուցիոնալ մասնակիցներ, որոնք աշխարհում առաջինն են: Մոտ ժամանակներում վերջնական մրցույթը կհայտարարվի, և վստահ եմ, որ կունենանք այնպիսի մասնակիցներ և այնպիսի հաղթող, որ ինստիտուցիոնալ և պրոֆեսիոնալ իմաստով ի վիճակի կլինի այդ հարցը մեզ համար լուծել ֆունդամենտալ»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ մեր մասին տեղեկատվությունը մեր անձնագրի մեջ այլևս անուն-ազգանուն կամ լուսանկար չի լինելու, որովհետև դա թույլ չի տալիս այսօրվա աշխարհում ազատ, պարզ ընթացակարգով սահման հատել:

«Այդ իմաստով խնդիրը բարդ է, բայց շատ կարևոր է, որ լուծումը այլևս նկարագրված է, և վստահ եմ, որ մենք պարբերաբար ընթացքի մասին տեղեկություններ կտանք: Մաքսիմալ կարճ ժամանակում մենք այդ խնդիրը կլուծենք»,- նշեց փոխվարչապետը:

  • Կիսվել: