ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին
Նոր ուսումնական տարում շարունակվելու են նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված բարեփոխումները։ Կամավոր ատեստավորման համար դիմումների ընդունումն արդեն մեկնարկել է. այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ ատեստավորման գործընթացը կկազմակերպվի հետագա ամիսներին։
Ակնկալվում է, որ ատեստավորման արդյունքում բարձր վարձատրություն ստացող մասնագետների թիվը կավելանա։ Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է նաև վերափոխել ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը՝ ներդնելով 300 հազար դրամ դրույքաչափի հասանելիություն առավել բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար, որին կգումարվի նաև համապատասխան հավելավճարը։
«Ուսուցիչների վարձատրության համակարգը պետք է անընդհատ զարգանա։ Մենք սահմաններ չենք դնում և կարծում ենք, որ ուսուցիչը պետք է լինի ամենահեղինակավոր և պահանջված մասնագիտություններից մեկը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հիշեցրել է, որ նախորդ ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 4000 նոր ուսուցիչներ և շեշտել՝ դպրոցում աշխատանքը, որպես մասնագիտական հեռանկար, տարեցտարի ավելի շատ երիտասարդներ են դիտարկում։



