կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը համապատասխանում է եվրոպական չափանիշներին

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը համապատասխանում է եվրոպական չափանիշներին

Արդարադատության նախարարություն է ներկայացվել «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագիտական կարծիքը:

 

Փորձագիտական կարծիքով արձանագրվել է, որ Նախագծի ներկայացված հատվածները գրեթե ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այն է՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին, Եվրոպայի խորհրդի վերահսկողական մարմինների և մեխանիզմների պահանջներին, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Rec(2003)17 հանձնարարականի, Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի՝ հարկադիր կատարման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնարարականի ավելի լավ կատարման (CEPEJ(2009)11 REV) և նույն հանձնաժողովի՝ Դատական ակտերի կատարման լավագույն պրակտիկայի ուղեցույցի (CEPEJ(2015)10) պահանջներին:
Հիշատակված փորձագիտական կարծիքով արձանագրվել է, որ եվրոպական վերոնշյալ փաստաթղթերի պահանջներին համապատասխանում են Նախագծի` փորձագիտական կարծիքի ներկայացված նորմերի ճնշող մեծամասնությունը։

 

Փորձագիտական կարծիքի շրջանակում արվել են Նախագծի որոշ կարգավորումների կատարելագործմանն ուղղված առաջարկներ, որոնց հիման վրա Նախագծում կատարվել են փոփոխություններ:

‼️Եվրոպայի խորհրդի փորձագիտական կարծիքի համաձայն. «Նախագծի համապատասխան հոդվածները Հայաստանում առևտրային և քաղաքացիական հարցերով հարկադիր կատարման համակարգի արդյունավետության բարելավման համար մի շարք կոնկրետ պատասխաններ են տալիս (…):

Այս դրական քայլերը ցույց են տալիս Հայաստանի իշխանությունների կամքը և ջանքերը՝ ապահովելու լուծումներ (այդ թվում՝ նորարարական լուծումներ)՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, Rec(2003)17 հանձնարարականի և Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի համապատասխան ուղեցույցներին ավելի բարձր համապատասխանություն ապահովելու համար»:

Փորձագիտական կարծիքը ներկայացվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

  • Կիսվել: