կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024

Պաշտոնապես գործարկվել է Դատաիրավական ռազմավարության հարթակը

Արդարադատության նախարարությունը, առաջնորդվելով իր որդեգրած թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով, պաշտոնապես գործարկել է Դատաիրավական ռազմավարության www.datairav.am հարթակը:

ԵՄ ֆինանսավորմամբ և «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ արդեն իսկ մշակվել և հասանելի է դարձել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության հաշվետվողականությունն ու մշտադիտարկումն ապահովող միասնական կայքը, որը թվային գործիքների միջոցով հնարավորություն է տալիս թափանցիկ դարձնել ռազմավարության գործողությունների և արդյունքային ցուցանիշների կատարումը: Հարթակում հասանելի կլինեն Ռազմավարության կատարման հաշվետվություններն ու ընթացող միջոցառումների մասին տեղեկատվությունը:

 

Հարթակի պաշտոնական բացման միջոցառմանն Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշել է, որ դատաիրավական բարեփոխումները վաղուց են ՀՀ կառավարությունների օրակարգի առաջնայնություններում։
Նշվել է, որ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հուլիսի 3-ին Արդարադատության նախարարությանն են հանձնվել էլեկտրոնային հարթակի ծրագրային կոդերը և հարթակի գործարկման տեխնիկական ուղեցույցը:

Հուլիսի 10-ին Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև կնքվել է հարթակի Ոչ գույքային իրավունքների հանձնման համաձայնագիրը, որով Նախարարությունը ձեռք է բերել datairav.am հարթակի նկատմամբ օգտագործման բացառիկ իրավունքները:

Նախատեսվում է, որ հարթակից օգտվելու են ինչպես Դատաիրավական ռազմավարության կատարման համար պատասխանատու պետական մարմինները, այլև՝ ոլորտային հասարակական ու միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հետաքրքրված են դատաիրավական բարեփոխումների ընթացքով:

Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ առաջնային կարևորություն ունի նաև իրականացվող բարեփոխումների հաղորդակցումը դրա հասցեատերերի ու շահառուների՝ ՀՀ քաղաքացիների հետ:
Արդարադատության նախարարության անունից նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին իրականացված համատեղ ու կարևոր աշխատանքի համար:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը, ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, դատավորներ, պետական, միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ոլորտային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն:

  • Կիսվել: