շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, սա ի՞նչ քաոս է. Մարուքյան

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, սա ի՞նչ քաոս է. Մարուքյան

Վարչապետն ուղիղ եթերում ասաց, որ տեքստիլ ոլորտը ապրիլի 20-ից կվերագործարկվի և մարդիկ կսկսեն աշխատել, սակայն երեկ Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները գնում են աշխատանքի, իսկ ոստիկանությունը սկսում է մարդկանց տուգանել: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ պարետատան մակարդակում էլ է նույն հայտարարությունն արվել, որ մարդիկ ամսի 20-ից կարող են աշխատել, բայց մարդիկ գնացել են աշխատանքի, բռնել տուգանել են։

«Սրանք էն մարդիկ են, որոնք որևէ սոցիալական ծրագրով աջակցություն չեն ստացել: Հիմա ժողովրդի ասած՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, սա էդ պատմությունն է:  Սա ի՞նչ քաոս է: Կամ որոշեք, ասեք՝ չեն աշխատում, կամ ասեք՝ աշխատում են, որ իմանանք։ Կամ եթե հայտարարվում է, որ պետք է մարդիկ աշխատեն, հետո ինչո՞ւ են գնում տուգանում։ Կամ գնում ասում են՝ թուղթ ունե՞ս, թե չէ։ Դա էլ դառնում է անիմաստ բյուրոկրատիա»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ պետք է այս մոտեցումները վերանայեն։

« Ես հույս ունեմ, որ այս հարցը կկարգավորվի, վերջին հաշվով, խոսքը 2600 մարդու մասին է։ Եթե չեք թողնում աշխատեն, հասցեական աջակցություն տրամադրեք այդ մարդկանց, կամ էլ թողեք աշխատեն և մի տուգանեք»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև կոչ արեց «Գլորիա» արտադրամասում երեկ արձանագրված բոլոր վարչական տույժերը չեղյալ հայտարարել։

  • Կիսվել: