երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կառավարությունը կերկարաձգի բնակարանների և բնակելի տների ռենովացիայի ծրագիրը

Կառավարությունը կերկարաձգի բնակարանների և բնակելի տների ռենովացիայի ծրագիրը

Կառավարությունը մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը կերկարաձգի Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների (ռենովացիա) պետական աջակցության ծրագիրը։ Նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստում։ 

«2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. արդյունքներով շահառուների թիվն ավելի քան 7600 է, ինչն էլ իր հերթին խոսում է ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։ Բացի այդ, ծրագրի հաջողված լինելու մասին է վկայում նաև տարածքային առումով համաչափ բաշխվածությունը։

Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հուլիսի 1-ին: 2023թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության շրջանակներում հանձնարարվել է նախաձեռնել համապատասխան իրավական ակտի ընդունում ծրագրի երկարաձգման նպատակով։ Ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Ծրագրի երկարաձգմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերում կատարել համապատասխան փոփոխություններ և նախատեսված միջոցներն ավելացնել շուրջ 2000 նոր շահառուի համամասնությամբ։ Այդ նպատակով անհրաժեշտ կլինի ՀՀ 2024 թվականի պետական բյուջեում իրականացնել համապատասխան վերաբաշխում՝ ծրագրին հատկացնելով հավելյալ շուրջ 200 միլիոն դրամ, իսկ 2025 թվականի և հետագա տարիների համար հավելյալ անհրաժեշտ կլինի շուրջ 400 միլիոն դրամ։

  • Կիսվել: