շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հակաճգնաժամային ծրագրերով ծախսվել է 2.5 մլրդ դրամ, որը վերաբերում է 460 հազար քաղաքացու. Նաիրի Սարգսյան

Հակաճգնաժամային ծրագրերով ծախսվել է 2.5 մլրդ դրամ, որը վերաբերում է 460 հազար քաղաքացու. Նաիրի Սարգսյան

ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի արդյունքում մինչև այժմ ծախսել է 12.5 մլրդ դրամ, որը վերաբերում է 460 հազար քաղաքացիների։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, աշխատանքը կորցրած անձանց, ինչպես նաև տուժած ոլորտների ավելի քան 90 հազար աշխատակիցների ցուցաբերվել է աջակցություն։ Բացի այդ, ավելի քան 70 հազար ընտանիքների, որոնք ունեն անչափահաս երեխաներ, բայց չունեն աշխատանք, նրանց նույնպես աջակցություն է տրամադրվել։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագրով էլ, ինչպես նշեց վարչապետի օգնականը, նախատեսվում է նպաստառու ընտանիքներին տրամադրել շուրջ 1.2 մլրդ դրամի աջակցություն, որը կվերաբերի շուրջ 85 հազար ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար քաղաքացիներ։ Օգնությունն, ըստ նրա, տրամադրվելու է ապրիլի վերջին։

Նաիրի Սարգսյանը հայտնեց նաև, որ այս պահին քննարկվում է աջակցություն ցուցաբերել օրավարձով աշխատող այն քաղաքացիներին, որոնց ընտանիքներում չկան անչափահաս երեխաներ։

Անդրադառնալով  աջակցության 9-րդ միջոցառմանը, Նաիրի Սարգսյանն ասաց, որ պետությունը դյուրինացնում է դիմելու ընթացակարգը։ Մասնավորապես, ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, երեխաների տվյալները կլրացվեն ինքնաշխատ եղանակով:

Նշենք, որ 9-րդ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև այն ընտանիքները, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Նաիրի Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ կառավարությունը սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց այս պահի դրությամբ փոխհատուցել է շուրջ 486 հազար բաժանորդի: «Հնարավոր է, որ քաղաքացիները դրա մասին տեղյակ չլինեն, քանի որ ծանուցում չի ուղարկվում։ Նրանք դրա մասին կարող են իմանալ հաշիվների քաղվածքները ստուգելուց»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

  • Կիսվել: