ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կառավարությունից պահանջում են գերիների ազատ արձակումը գերխնդիր հռչակել. ստորագրահավաքին միացել է 3500-ից ավելի մարդ

Կառավարությունից պահանջում են գերիների ազատ արձակումը գերխնդիր հռչակել. ստորագրահավաքին միացել է 3500-ից ավելի մարդ

Մի քանի օր առաջ մեկնարկած ստորագրահավաքին միացել է 3500-ից ավելի մարդ. հայ գերիներին Բաքվից վերադարձնելու պահանջով Կառավարության առջև անցկացվող ակցիային հայտարարեց Լորի Ենիգոմշյանը։

Նա նշեց, որ ստորագրահավաքի նպատակն է կոչ անել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ակտիվ քայլեր անի ռազմագերիներին օգելու համար։

Հիշեցրեց, որ քայլերը Ռուբեն Վարդանյանի փաստաբանն արդեն առաջարկել է. «Քայլերը, հուսով ենք՝ բոլոր ռազմագերիներին և բանտարկյալներին կօգնեն, որ տուն վերադառնան»։

Ենիգոմշյանը թվարկեց իրենց պահանջները ՀՀ կառավարությունից։ 

«Մեր պահանջն է՝ հայ գերիների և պատանդների արձակումը գերխնդիր հռչակել, ազատ արաձակման շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, մամուլի ասուլիս հայտարարել՝ արծարծելու այս հարցը, խնդրել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը դիտորդներ ուղարկել դատավարություններին։ Խնդրել Բաքվում դեսպանատներին դիտորդներ ուղարկել նիստերին։ Աջակցություն հայցել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԵՄ-ից, շարունակել Ադրբեջանի նկատմամբ հարուցված դատական գործերը միջազգային ատյաններում։ Օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից։

Սրանք նվազագույն քայլերն են, որ մեր կառավարությունը կարող է անել և ուզում եմ, որ պարոն Փաշինյանը մտածի՝ եթե իրենք գերիների տեղը գտնվեին, արդյո՞ք չէին ուզի, որ իրենց վարչապետն ու կառավարությունն օգներ»,-ասաց Ենիգոմշյանը՝ շեշտելով, որ այս քայլերը քաղաքական չեն,  այլ մարդասիրական։

  • Կիսվել: