երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կաննի քաղաքապետը դատապարտեց Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունները

Կաննի քաղաքապետը դատապարտեց Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունները

Ս․թ․ փետրվարի 3-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի քաղաքների միության նախագահ, Կաննի քաղաքապետ Դավիթ Լիսնարի կողմից տրվեց Կանն քաղաքում անցկացվող «Հայկական մշակույթի շաբաթվա» մեկնարկը, հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից:
 
«Կինոյի համաշխարհային մայրաքաղաքում փետրվարի 3-ից 11-ն անցկացվող այս բացառիկ իրադարձությունը նպատակ ունի ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ Կանն այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներին ներկայացնելու Հայաստանն ու հայ ժողովրդի բազմահազարամյա մշակույթը և նրանց ուշադրություն հրավիրելու Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների վրա։
 
«Հայկական մշակույթի շաբաթվա» բացման հանդիսավոր արարողության իր ելույթում Կաննի քաղաքապետ Դավիթ Լիսնարն ընդգծեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա արժեքային և հոգևոր կապերի կարևորությունը։ Նա շեշտեց, որ հայ ժողովրդի մշակույթն ունի խորը արմատներ, բազմաշերտ է և հարուստ բացառապես իրեն բնորոշ ուրույն երանգներով և իր քաղաքի համար մեծ պատիվ է այդ մշակույթին ավելի մոտ լինելու հնարավորություն ընձեռելը։ Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Կաննի քաղաքապետը դատապարտեց Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ռազմական ագրեսիան՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված միջազգային դերակատարներին կոչ անելով ավելի վճռական լինել իրենց հայտարարություններում և գործողություններում։
 
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտության առանձնահատուկ խոսք հղեց քաղաքապետ Դավիթ Լիսնարին Հայաստանին նվիրված փառատոնը հյուրընկալելու համար և բարձր գնահատեց «Կաննի հայերի միության» նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանի և Կանն քաղաքի մշակութային դերակատարների՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ գործադրված ջանքերը։ Հայաստանի դեսպանը նշեց, որ Կաննում «Հայկական մշակույթի շաբաթվա» բացմամբ տրվում է նաև 2024թ․ նախատեսված՝ հայ-ֆրանսիական բարեկամությունը նշանավորող կարևոր իրադարձությունների մեկնարկը։ Նա առանձնահատուկ հիշատակեց Միսակ Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի հերոսների Պանթեոն տեղափոխումը և Շարլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ անցկացվելիք միջոցառումները՝ ընդգծելով, որ այդ միջոցառումներից առաջինը՝ «Ազնավուր100» խորագրով համերգըմ տեղի է ունենալու հենց «Հայկական մշակույթի շաբաթվա» շրջանակներում։
 
Դեսպան Տոլմաջյանն անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հավակնություններին։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը ամբողջովին հայաթափելուց հետո թիրախավորելով արցախահայության պատմամշակութային ժառանգությունը, Ադրբեջանը փորձում է Նախիջևանի օրինակով Լեռնային Ղարաբաղից ընդհանրապես ջնջել հայկական երեքհազարամյա ներկայության պատմական հետքերը։ Այս համատեքստում Հայաստանի դեսպանն ընդգծեց Կաննում «Հայկական մշակույթի շաբաթվա» անցկացման կարևորությունը հայկական պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու, ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձնելու, վերջինիս պահպանման վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և դժվարին այս ժամանակաշրջանում հայ ժողովրդի հետ Կանն քաղաքի համերաշխության ակնառու դրսևորման տեսանկյունից։
 
Բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդրա Մարտենը և «Կաննի հայերի միության» նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանը։ Արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Ֆրանկ Ալիզիոն, «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, հանրահայտ դաշնակահար, կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը, ռեգիոնալ և քաղաքային խորհուրդների ներկայացուցիչներ, ֆրանսիացի և ֆրանսահայ արվեստագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ։
 
«Հայկական մշակույթի շաբաթվա» ընթացքում նախատեսված են բազմաթիվ համաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական, երաժշտական և պարային ներկայացումներ, ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարների ցուցադրությունը և այլ միջոցառումներ։ Միջոցառումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ https://www.cannes.com/.../semaine-de-la-culture... հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: