ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կալանավորվել են տելեգրամով թմրամիջոց իրացրած անձինք (տեսանյութ)

Կալանավորվել են տելեգրամով թմրամիջոց իրացրած անձինք (տեսանյութ)

ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ձեռք բերել, որ Երևանում բնակվող երեք երիտասարդ զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մասնավորապես, նրանք ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրում են տարբեր վայրերում և տելեգրամ հավելվածում բացված «նարկոդիսպանսեր», «նարկոլոգ», «լյուսի» և «պրոֆեսսոր» էջերի միջոցով վաճառում են տարբեր անձանց։

Դեկտեմբերի 17-ին ՔՈ ծառայողները մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի 29 շենքի մոտից, փաթեթով թմրամիջոցը ձեռք բերելու պահին, բռնել և Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 35-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին։ Նույն օրը Երևանի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել վերը նշված տելեգրամյան էջերի միջոցով թմրամիջոցներ իրացնող երեք երիտասարդը, որոնք ձերբակալվել են։ Նրանցից մեկի խուզարկությամբ երկու փաթեթ մեթամֆետամին է հայտնաբերվել։

Հարուցված քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկել են թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով բերման ենթարկված երիտասարդներից մեկի բնակության վայրը և հայտնաբերել տարբեր քաշով մեթամֆետամին, մարիխուանա, էլեկտրական կշեռք, թմրամիջոցները փաթեթավորելու համար նախատեսված ստվարաթղթեր, կպչուն ժապավեն և այլն։

Ձերբակալված երիտասարդներից երկուսը կալանավորվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: