հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները

Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները

Կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է առաջիկա անելիքները, տվել հանձնարարականներ: Այս մասին հայտնում է կոմիտեն։
 
Առաջիկայում կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում՝ գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
 
«Պատասխանատուներին հանձնարարական տրվեց ներկայացնել վերլուծական տեղեկատվություն Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման աշխատանքներում անշարժ գույքի հասցեների մասով առկա խնդիրների և խոչընդոտների վերաբերյալ: 
 
Հանձնարարվեց ներկայացնել տեղեկատվություն՝ ինքնակամ կառույցների հաշվառման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: 
 
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կ. Գրիգորյանին հանձնարարվեց Գեոմատիկայի կենտրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ներկայացնել առաջարկություններ գրանցման գործընթացում սխալների հայտնաբերման գործիքի ներդրման վերաբերյալ:
 
Շարունակվում են թվային համակարգի ներդրման աշխատանքները, որոնք հնարավորություն կտան անշարժ գույքի վրա դրվող և հանվող սահմանափակումները ինքնաշխատ դարձնելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: