երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ջավախքցիները երկընտրանքի առաջ են, 1000-ավոր մարդիկ կօգտվեն Հայաստանի հետ ՌԴ սահմանը բացելուց. Էդուարդ Այվազյան

Ջավախքցիները երկընտրանքի առաջ են, 1000-ավոր մարդիկ կօգտվեն Հայաստանի հետ ՌԴ սահմանը բացելուց. Էդուարդ Այվազյան

Մոտ 10 օր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Ախալքալաքի բնակիչները պատրաստվում են բողոքի ցույցի, որպեսզի դիմեն Վրաստանի իշխանություններին՝ վերացնելու սահմանափակումները և մարդկանց թույլ տալու մեկնել արտերկիր։ Ջավախքում շատ ընտանիքների այս սահմանափակումները կանգնեցրել է գոյատևման խնդրի առաջ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն՝ ընդգծելով, որ Ջավախքի բնակչության մի ստվար հատվածը մեկնում է արտագնա աշխատանքի՝ ունենալով հայկական անձնագրեր։

«Միաժամանակ, նրանցից մեծ մասը պահպանել է Վրաստանի քաղաքացիությունը և Վրաստանի սահմանը մշտապես հատում է հենց վրացական անձնագրերով՝ ցույց չտալով իրենց հայկական անձնագրերը։ Հիմա երբ Վրաստանը փակել է սահմանը և իր քաղաքացիներին թույլ չի տալիս պանդեմիայի պատճառով դուրս գալ երկրից՝ մարդիկ երկընտրանքի առաջ են՝ դուրս գալ հայկական անձնագրերով և բացահայտել, որ ունեն նաև հայկական քաղաքացիություն, կամ չմեկնել արտագնա աշխատանքների։ Բանն այն է. որ մարդիկ Ռուսաստան են մեկնում հենց Հայաստանից և հայկական անձնագրերով»։

Նա ընդգծեց, որ թեև Վրաստանը մեկ տարուց ավելի է ընդունել է օրենք, որով թույլատրում է երկքաղաքացիությունը, բայց դրա համար մարդիկ պետք է հատուկ ձևով դիմեին և հայտնեն, որ ունեն այլ երկրի քաղաքացիություն ու պետությունն ինքն էր որոշում, ում է թույլ տալիս պահպանել երկքաղաքացիությունը, ում՝ ոչ։ «Ամեն դեպքում՝ մարդկանց համար վտանգ է, որ կարող են զրկվել անձնագրերից։ Մի քանի տարի առաջ՝ անգամ մարդկանց ձեռքից վերցնում էին Վրաստանի անձնագիրը՝ զրկելով Վրաստանի քաղաքացիությունից։ Հիմա այս խնդիրները փոքր-ինչ մեղմվել են և երբ հայտնաբերում են, որ Վրաստանի քաղաքացին ունի նաև Հայաստանի քաղաքացիություն՝ ուղղակի գրանցում են, բայց մինչ օրս էլ կան դեպքեր, երբ վերցնում են անձնագրերը։ Թեև նախկինի նման շատ կոպիտ ձևով չեն վերցնում, բայց քանի որ նման գործելաոճ եղել է՝ հիմա էլ շատերն այդ առնչությամբ մտահոգություն ունեն։ Միաժամանակ, շատերն իրենց անձնագրերը պահում են Հայաստանում բնակվող բարեկաների բնակարաններում և Վրաստան գալիս անձնագրերը իրենց հետ չեն, որպեսզի սահմանն անցնելիս Վրաստանի սահմանապահները դրանք չհայտնաբերվեն»։

Այվազյանն ընդգծեց, որ քանի որ փետրվարի 1-ից ՌԴ-ն բացել է Հայաստանի հետ սահմանը և մարդիկ կարող են գնալ արտագնա աշխատանքների՝ այդ իսկ պատճառով Ախալքալաքում բողոքի ակցիա տեղի ունեցավ, որով պահանջում էին Վրաստանի իշխանություներից բացել սահմանը և թույլ տալ, որ Վրաստանի քաղաքացիները դուրս գան երկրից։ «Վրաստանի կառավարությունը դեռևս չի շտապում բացել սահմանները իր քաղաքացիների համար։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ մարդիկ հատում են սահմանը՝ առողջական պատճառով, կամ բեռնատար մեքենաներով մեկնում են արտասահման՝ բեռներ արտահանելու պատրվակով։ Կառավարությունը սահմանները չբացելը պայմանավորում է բացառապես պանդեմիայուվ՝ պնդելով, որ այլ երկրներում վարակվելու հավանականությունը ավելի մեծ է և դա անում է վիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ Հայաստանից Ռուսաստան մեկնելու հնարավորությունից նաև ջավախքցիները կօգտվեն։ Հիմա դժվար է ասել, թե քանիսն են այժմ պատրաստվում օգտվել Հայաստանի հետ ՌԴ սահմանը բացելուց, սակայն խոսքը 1000-ների մասին է»։

  • Կիսվել: