Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստանում է
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունն այսօր՝ նոյեմբերի 25-ին, հյուրընկալվեց Բարձրագույն դատական խորհրդում:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դեվի Էրմինիին, Խորհրդի անդամ Միքելե Չերաբոնային, Խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Պաոլո Սպազիանիին, Արտաքին հարցերի պատասխանատու Ալեսանդրա Ֆրայեգարիին և պատվիրակության մյուս անդամներին հյուրընկալեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Վիգեն Քոչարյանը և Սերգեյ Չիչոյանը:
Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան, կարևորեց երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ համագործակցությունը: Նա իր խոսքում նկատեց, որ թեև Հայաստանն ունի դարերի պատմություն, այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհուրդը բավականին երիտասարդ է, անելիքներ շատ կան, և իտալացի գործընկերների փորձը կարող է օգտակար լինել Հայաստանում դատական իշխանության զարգացման համար: