Իրանցի ֆուտբոլային պաշտոնյաները չեն մասնակցի Կանադայում անցկացվելիք ՖԻՖԱ-ի կոնգրեսին
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները չեն մասնակցի Կանադայում ՖԻՖԱ-ի կոնգրեսին։ Դրա մասին հայտնում է կիսապաշտոնական «Tasnim» գործակալությունը՝ վկայակոչելով Տորոնտոյի օդանավակայանում «ներգաղթի ծառայությունների անպատշաճ վարքագիծը»։
Ըստ գործակալության տվյալների՝ ֆեդերացիայի երեք ներկայացուցիչ՝ նախագահ Մեհդի Թաջը, գլխավոր քարտուղար Հեդայաթ Մոմբեինին և նրա տեղակալ Համեդ Մոմենին, ժամանել էին վիզաներով՝ միջոցառմանը մասնակցելու համար, սակայն շուտով ստիպված են եղել վերադառնալ մոտակա չվերթով։ Նշվում է, որ միջադեպը կապված է եղել սահմանապահ ծառայությունների գործողությունների և «Իրանի զինված ուժերի պատվավոր մարմիններից մեկի հասցեին հնչած վիրավորանքի» հետ։ Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվել:
ՖԻՖԱ-ի 76-րդ կոնգրեսն այս շաբաթ անցկացվում է Վանկուվերում։ Կանադան ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ համատեղ կհյուրընկալի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։


