Ինչպես են ՀՀ սահմաններից դուրս մահացած մարդկանց դիերը տեղափոխում Հայաստան. Միքայելյանի հարցն ու Թորոսյանի պատասխանը
ԱԺ-ում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բարձրացրեց Հայաստանի սահմաններից դուրս մահացածների հարցը, որոնց դին տեղափոխվում է Հայաստան: Միքայելյանը նշեց, թե ահազանգեր կան, որ տեղափոխված քաղաքացիների հարազատները չեն կարողանում իմանալ՝ իրենց հարազատն է, թե՝ ոչ: Նա ցանկացավ իմանալ, թե ինչպես կարելի է անել, որ քաղաքացիները համոզվեն, որ մահացողն իրենց հարազատն է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, թե պարետի ցուցումով կարգավորում կա, որի համաձայն՝ բեռները չեն բացվում, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել վարակումը: «Ես ամբողջ լոգիտսիկ շղթան լավ չեմ պատկերացնում, բայց կարող եմ ենթադրել, որ տեղափոխողներն ու ստացողները հանգուցյալի հարազատները պետք է լինեն և տեղափոխման պահից ինչ-որ ինդենտիֆիկացիոն փաստաթղթեր պետք է լինեն: Ենթադրում եմ, որ առնվազն այս ժամանակաշրջանում այս կարգավորումը պետք է մնա, միգուցե փորձենք ինդետիֆիկացիոն պրոցեսը կազմակերպել առանց բեռը բացելու»,-նշեց նա
Միքայելյանը պատմեց, որ ամիսներ առաջ դեպք է եղել, երբ ռուսի են ուղարկել Հայաստան. «Մարդիկ նույնիսկ պատրաստ են տուգանքը վճարել ու բացել, որպեսզի համոզվեն՝ իրենց հարազատն է, թե ոչ: Ես չէի էլ ուզի այս հարցը հնչեցնել, սակայն ինձ քիչ առաջ էլ զանգեցին: Հարցը պետք է մի ձևի կարգավորել»:
Նախարարը վստահեցրեց, որ հասկանում է հարցի լրջությունը: «Կփորձենք մշակել ինդետիֆիկացիան կազմակերպելու նոր տարբերակ»,-ասաց նա:


