Ինչ-որ պահի մարդիկ հավեսները հանում են, և ցեղատեսակ ունեցող կենդանիները հայտնվում են փողոցում․ Հարություն Առաքելյան
Թափառող կենդանիների հարցը երբևէ չենք կարող կարգավորել, քանի դեռ չունենք ոլորտը կարգավորող համալիր օրենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Թափառող կենդանիների խնդիրները Հայաստանում» խորագրով քննարկմանն ասաց Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի ղեկավար Հարություն Առաքելյանը։
Ըստ նրա՝ թափառող կենդանիների հարցի լուծման համար կարևոր է նաև ընտանի կենդանիների հարցը։ «Գաղտնիք չէ, որ թափառող կենդանիների զգալի մասը թափառող են դարձել մարդկանց անպատասխանատու վարքագծի հետևանքով»,-ասաց նա։
Ըստ նրա՝ մոդայիկ է դարձել ցեղատեսակ ունեցող կենդանիներ գնելն ու իրար նվիրելը։ «Ինչ-որ պահի հավեսները մարդիկ ուղղակի հանում են, և կենդանիները հայտնվում են փողոցում»,-ասաց նա։
Հարություն Առաքելյանը նշեց, որ քաղաքապետարանն ունի ընտանի կենդանիների հաշվառման որոշում, բայց քանի որ որոշումը զսպող մեխանիզմներ չունի, արդյունավետ չէ, իրենք նախատեսում են ավելի մեծ փոփոխություն՝ լուրջ տուգանքների ենթարկելու մեխանիզմներ ներդնելով։
Նա նաև նշեց, որ համայնքներին պարտադրեն, որ ստերջացման ծրագրեր իրականացնեն։